Քիչ է հավանականությունը, որ հենց ընտրությունների օրը, հենց հաշվարկի ժամանակ հոսանքի անջատումները հանկարծակի էին. Արամ Նավասարդյան
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ԱՊԸ-ի իրականացրած հետընտրական հարցումներն ունեին «Հովհարային Գուդինի» անվանումը: Էմ Փի Ջի ԱՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, անդրադառնալով հարցման անվան և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը ընտրաթերթիկների հաշվարկի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում հոսանքի անջատումների միջև առկա կապին, նշեց, թե քիչ է հավանականությունը, որ այդ անջատումներն հանկարծակի են եղել:
«Ես հավանականության տեսությամբ շատ լուրջ չեմ ուսումնասիրել, բայց հավանականությունը, որ հենց ընտրությունների օրը, հենց հաշվարկի ժամանակ լիներ այդպիսի բլեք-աութ, բավականին քիչ է, որ դա կլիներ հանկարծակի: Ընդ որում, այստեղ ևս մեկ հարց կարող ենք բարձրացնել: Ես չեմ պնդում, որ սա արել է իշխանությունը: Միգուցե սա արել են ա՞յլ ուժեր, որոնք ուզում էին թերահավատություն մտցնել ընտրություններում: Բայց այն, որ սա տալիս է մտածելու տեղիք՝ ի՞նչ է կատարվել այդ 15 րոպեի ընթացքում, 20 րոպեի ընթացքում: Կարծում եմ, որ արհեստավարժները 5 րոպեի ընթացքում էլ կարող էին օգտագործել այս հովհարային անջատումը:
Բայց խոսքը չի գնում միայն հովհարային անջատման մասին: Լրագրողներդ լավատեղյակ եք, թե նաև ինչպիսի այլ դեպքեր են արձանագրվել: Դա և՛ բանակի ընտրությունն է, ուժային կառույցների ընտրությունը, ՏԻՄ մակարդակով ճնշումները, պետական ապարատի կողմից խնդրանքը, որ քվեարկեն այնպես, ինչպես պետք է իշխանությանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Նավասարդյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում