Սիլվա Ադամյան. Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Գոնե երկու տարին մեկ տապը Հայաստանում բավականին ուժեղ է լինում: Դա կախված է մեր կլիմայական պայմաններից և համաշխարհային կլիմայական խնդիրներից: Մեր երկրում իբր կիրառվում են հարմարվողականության մեթոդները, բավականին մեծ գումարներ են գալիս արտասահմանից, բայց ես անձամբ չեմ տեսնում, թե այդ ուղղությամբ ինչ է արվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանն ասում է՝ կլիմայական փոփոխությունները մեր երկրում հանգեցնում են հրդեհների, ջրային ռեսուրսների պակասի, սոցիալական խնդիրների: «Այսինքն՝ մենք ունենք խնդիր ջրի հետ կապված, երաշտի վտանգ կա: Հիմա, ի՞նչ է անում այս ուղղությամբ մեր երկիրը: Փաստացի ոչինչ: Մարդիկ կային, որոնք ցանկանում էին ջրամբարներ կառուցել, բայց այս կառավարությունը մերժել է նրանց առաջարկները: Գաղտնիք չէ, որ մեր ջրային ռեսուրսների մի մասը գալիս էր Արցախից, դրանից մենք զրկվեցինք: Կառավարությունն, ավաղ, չի դիմում մասնագետներին, որոնք կարող են օգնել իրեն՝ այս խնդիրները լուծելու համար: Անտանելի շոգ է հունիսին, ի՞նչ է լինելու հուլիսին և օգոստոսին: Արդյոք պատրա՞ստ ենք հրդեհների մարմանը: Կառավարությունը նախ՝ տեխնիկական միջոցներ պետք է ունենա հրդեհների դեմ պայքարելու համար, պետք է լուծի ջրային ռեսուրսների խնդիրը, պետք է մասնագետներից կազմված խորհուրդ ստեղծի հենց ջրային ռեսուրսների հետ կապված: Ես, օրինակ՝ նախարարությունում հասարակական խորհրդի անդամ էի, բայց հետո դուրս եկա խորհրդի կազմից:
Գիտական խորհրդի շատ անդամներ ևս հրաժարվել են աշխատել այս կառավարության հետ, ոմանց էլ իրենք են դուրս թողել աշխատանքներից: Պետք է ասել, որ բնապահպանության նախարարն իր տեղում չէ, նա չի կարող բնապահպանության ոլորտը ղեկավարել: Նախկին նախարարների սխալ աշխատանքի մասին խոսել ենք, բայց վերջին նախարարն առհասարակ իր տեղում չէ»,-ասում է բնապահպանը: