«Այս խորհրդարանը կունենա ամենացածր լեգիտիմությունը, եթե այնտեղ միայնակ մնա Փաշինյանի քաղաքական թիմը». Կիվիրյան
Երեկ ԿԸՀ-ն ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ընտրությունների նման արդյունքների մասին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը տեսակետ հայտնեց, որ 2021թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը հաղթեցին, այլ ընդդիմությունը պարտվեց, ուստի, եթե ունակ է սա գիտակցելու, ապա հրատապ պետք է կատարի այս ամենից լրջագույն վերլուծություն։
Ըստ Կիվիրյանի՝ իր համար պարզ է, որ ընդդիմության պարտության ամենագլխավոր պատճառը ճիշտ քաղաքական գեներացիայի բացակայությունն է։
«Ընդդիմությունը պարտվեց, որովհետև չկարողացավ ճիշտ քաղաքական գեներացիա իրականացնել, ոովհետև, եթե նման բան արած լիներ, ապա անկախ նրանից, թե իշխանությունն ի՞նչ թվեր է հավաքել, ընտրություններից հետո տեղի կունենար այնպիսի պայթյուն՝ հասարակական ընդվզում, որ այս իշխանությունները կմնային դրա տակ, սակայն այս ընտրություններից հետո ընդդիմությունն իր կողմնակիցներին անգամ կոչով չի դիմել՝ փողոց դուրս գալու համար։ Հենց սա էլ վկայում է ընդդիմության արած սխալների մասին»,- ասաց Կիվիրյանը։
Ըստ վերլուծաբանի՝ եթե ընդդիմությունն իր կատարած սխալներից քաղել է դասեր, ապա դրանք պետք է թույլ չտար նաև ընտրությունների նման ելքից հետո։
«Եթե ընդդիմությունը վերցնում է մանդատներն ու գնում Ազգային ժողով, ապա հայ հասարակությունը ականատես է լինելու թատրոնի, որովհետև նրանք այնտեղ մեծամասնություն չունեն և չեն կարող որևէ օրենք անցկացնել՝ անկախ իշխանության կամքից։ Ինչ վերաբերում է նրան, որ կարող են դիմել Սահմանադրական դատարան, ապա այդ դատարանում Փաշինյանն ունի մեծամասնություն, և, եթե հիմա որևէ բան արել է ի վնաս Փաշինյանի՝ ապա դա ապագայում ծառայելու է Փաշինյանին։ Ինչ է անելու ընդդիմությունը հիմա Ազգային ժողովում, կարող է քաղաքական գործունեության իմիտացիա անել, բայց դրանից որևէ օգուտ չի լինելու։ Նիկոլին պետք է, որ հասարակությանը զբաղեցնի նման տեսարաններով։ Փաստ է այն, որ փողոցում տեղի են ունենում պրոցեսներ, երբ ընդդիմությունը Ազգային ժողովում ներկայացված չի լինում, հենց ներկայացված է լինում, ապա այնտեղ տեղի է ունենում գոլորշի բաց թողնելու պրոցես, ուստի հայ հասարակությունը ականատես կլինի գոլորշի բաց թողնելու պրոցեսի, որը, սակայն, որևէ կերպ չի սպառնալու Փաշինյանի իշխանությանը»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Դիտարկմանը, որ հիմա խորհրդարան են գնալու ոչ թե «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» որակի, այլ արմատապես տարբեր ընդդիմադիրներ, Կիվիրյանը արձագանքեց.
«Այ հենց այդ բախումներով էլ կզբաղեցնեն հասարակությանը»:
Վերլուծաբանը, որպես ստեղծված իրավիճակում ելք՝ ընդդիմությանն առաջարկում է հրաժարվել մանդատներից և Փաշինյանի հետ չմտնել թատերական ներկայացումների մեջ։
«Նիկոլը հաղթեց, որովհետև ինքը կրկեսում անմրցելի է, բոլորին իր հետ մտցրեց այդ կրկեսը, և պարզ էր, որ հաղթելու է։ Հիմա Ազգային ժողովում ինքն իր թիմակիցների հետ կապահովի այդ կրկեսը։ Նիկոլի նպատակը հետևյալն է՝ ամեն օր տեղի կունենան բանավեճեր, հավանաբար՝ ծեծկռտուքներ։ Ամեն թիմն էլ ցանկացած գործողություն համարելու է իր հաղթանակը, ու կրկեսն ապահովված է»,- ասաց Կիվիրյանը՝ կրկնելով, սակայն, որ որևէ թատրոն չի սպառնա Փաշինյանի միանձնյա իշխանությանը, հետևաբար՝ այդ միանձնյա իշխանությունը սասանելու համար պետք է գնալ հետևյալին.
«Պետք է ստեղծել ընդվզման այնպիսի լուրջ սպառնալիք, որ իշխանությունը հանձնի. Օրինակ, նայեք՝ Վրաստանում դա ինչպես տեղի ունեցավ»։
Ինչ վերաբերում է ցածր լեգիտիմության խորհրդարանի ֆոն ապահովելուն, ապա, ըստ Կիվիրյանի, այս խորհրդարանը կլինի ամենացածր լեգիտիմությամբ խորհրդարանը՝ միայնակ, այնտեղ կմնա Փաշինյանի քաղաքական թիմը։
«Այո՛ ամեն ինչ կարող է անել, նիստեր կանեն, օրենքներ կընդունեն, բայց դրանով հանդերձ էլ կստանձնեն միանձնյա պատասխանատվություն ամեն ինչի համար, որը հասարակության լայն շերտերի մոտ կբերի զանգվածային ընդվզումների։ Կընդվզեն անգամ այն մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս ընտրությունները չեն արտացոլել հասարակության մեջ առկա իրական պատկերը, հետևաբար՝ ճիշտ քաղաքական գեներացիայի դեպքում այս Ազգային ժողովը կարող է չմնալ մինչև իր ժամկետի ավարտը։ Դժգոհության ալիքը հասարակության մեջ առկա է, և այն ճիշտ գեներացնելու դեպքում կարող է բերել պայթյունի»,- խոսքը եզրափակեց վերլուծաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում