
Այն, որ ես Ռոբերտ Քոչարյանի միտինգին մասնակցել եմ, խոսել եմ՝ պատճառը լրիվ դա է. Արծվիկ Սարգսյանը՝ իր հասցեին տարածվող ապատեղեկատվության մասին

Շուշի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ օգտատեր Սոնա Արշունեցին, որը ներկայանում է իբրև հրապարակախոս, իր հասցեին կեղծ տեղեկություններ է տարածել:
«Ոմն Սոնա Արշունեցին հերթական անգամ իր ագռավային կռկռոցով սկսել է կեղծ լուրեր տարածել, իբր Շուշիի քաղաքապետս հոկտեմբերի կեսերին Արտաշատում վարձով տուն էի փնտրում և ես եղել եմ Արտաշատում լքելով Շուշին։
Ի գիտություն բարբաջողներին ասեմ՝ ես Շուշիից դուրս եմ եկել նոյեմբերի 6-ին, 5-ին՝ լեռնաշղթայի վրա եղել եմ մարտում, որտեղ էլ փրկել եմ մի քանի հարյուր մարդկանց կյանք»,- գրել է նա՝ կից տեղադրելով տեսանյութեր, որոնք վկայում են իր ճշմարտացիության մասին:
168.am-ի հետ զրույցում արդեն Արծվիկ Սարգսյանը մանրամասնեց, որ տիկնոջ բարկության պատճառն իբրև թե եղել է իր դստեր ֆեյսբուքյան գրառումները, որոնցից մեկը, ի դեպ, մեր զրուցակցի պնդմամբ, Սոնա Արշունեցի օգտատերը տեղադրել է փոփոխված տարբերակով:
Իսկ իրականում, ենթադրում է, որ պատճառն իր քաղաքական հայացքներն են. «Ես նոյեմբերի 14-ին եմ եկել Հայաստան եղբորս թաղման հետ կապված, իսկ տան համար սկսել եմ հետաքրքրվել միայն դեկտեմբերի կեսերին, երբ Երևանում էի շուշեցիների հարցերով:
Այն, որ ես Ռոբերտ Քոչարյանի միտինգին մասնակցել եմ, խոսել եմ՝ պատճառը լրիվ էդ է, էդ կինը դրա համար է նման բաներ գրել: Այնտեղ գրում է, որ Արտաշատում մասնակցել եմ միտինգին. դա իմ իրավունքն է՝ ում միտինգին կմասնակցեմ:
Ես մասնակցել եմ միտինգին, ասել եմ, որ իշխանություններն են ծախել Շուշին, և ելույթս էլ իմ էջում կա, և ասել եմ, որ մենք սպասում ենք՝ պետք է վերադառնանք Շուշի քաղաք. դրանից է ինքը սկսել բարբաջել:
Ինքը հրապարակախոս է հանդես գալիս, բայց ստից բաներ է տարածում»:
Հիշեցնենք՝ Արծվիկ Սարգսյանը Եռաբլուրում հողին է հանձնել հարազատ եղբորը՝ Անդրանիկ Սարգսյանին, որը զոհվել է Շուշիի մարտերում նոյեմբերի 4-ին: