«Ինչքան գարշանք կա՝ մարդկանց գլխին էին լցնում էն մարդիկ, ովքեր այսօր կանգնել են վարչապետի կողքին». Էդգար Բաղդասարյան
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվեց, որովհետև կար հասարակության դեգրադացիայի, համատարած տգիտության խնդիր:
«Սա մշակութային խնդիր է, որ այդ դեգրադացիան, համատարած տգիտությունը պետք է բերեին այս արդյունքին: Մենք դադարեցինք իրար լսել, հասկանալ և ի վերջո հանգեցինք մի եզրագծի, որտեղ դադարեցինք ազգ լինել: Մի տեղ հավաքվել ենք, բիզնեսով ենք զբաղվում, իրար վրա բան ենք ծախում, նույն լեզվով ենք խոսում, բայց դա չի նշանակում, որ մենք ազգ ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ նորից պետք է որպես ազգ ձևավորվենք:
Նրա խոսքով՝ մարդկանց մեջ անգամ կարեկցանք չկա այն սերնդի հանդեպ, որոնք իրենց կյանքը զոհեցին. «Այսինքն՝ մարդը դադարել է մարդ լինելուց, դուք ի՞նչ արդյունք էիք ուզում այս ընտրություններից: Այդ արդյունքը սարսափելի է, ես ընկերներ ունեմ դրսում և տեսնում եմ, որ մեզ վրա ծիծաղում են, և այնպես չէ, որ տեղ չունեն: Ինձ ասում են՝ էդ ի՞նչ չեք պարտվել, որ նորից եք ուզում պարտվել, իսկ ես դրա պատասխանը չունեմ»:
Էդգար Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մարդիկ մտածում են՝ «իրենց գյուղի վրա արև լինի, թքած Արցախի, հայրենիքի» վրա. «Ջուրը կտրեցին՝ մարդիկ դուրս եկան՝ փողոց փակեցին: Ինձ չի վախեցնում, թե իրենք ում են ընտրել, ինձ վախեցնում է, որ այդ ջուրն ավելի կարևոր է, քան հայրենիքը: Եթե մենք ուժ չգտնենք մեր մեջ՝ դա վերագնահատելու, գիտակցելու, հասկանալու, կարծում եմ՝ քարտեզի վրա տեղ չենք ունենա, որովհետև այդպիսի բաները չեն ներվում»:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում մտավորականության կեցվածքին, նա ընդգծեց. «Մեր մտավորականները մարմնավաճառներից շատ քիչ են տարբերվում: Ես չեմ ընդունում մտավորականի, որը կարող է սխալվել ֆունդամենտալ հարցերի շուրջ: Դա մտավորական չէ: Ես կարող եմ մարդկանց մեջ սխալվել, որովհետև շատ եմ վստահում, բայց մտավորականը պետք է կարողանա 6-7 քայլ առաջ մտածել, պատճառահետևանքային բաներ տեսնել և կապել իրար, եթե մտավորականը գալիս է դրամի, պաշտոնի կամ կոչումի համար, ինչ-որ մի բան է ասում կամ պրոպագանդում, ի՞նչ մտավորականության մասին եք խոսում:
Ենթադրենք, մտավորականություն կա, մի 10 հոգու գտանք, արդյո՞ք դուք կարծում եք, որ անտարբերությամբ լցված մարդկանց, որոնց ոչինչ չի հետաքրքրում, պետք է այդ խոսքը: Ես խիստ կասկածում եմ: Դա էլ էլիտայի իմիտացիա էր: Մենք էլիտա ասում ենք նրանց, ովքեր թանկ մեքենա ունեն, թանկ ժամացույց, կամ ապրում են նորակառույցում: Ամեն ինչն ենք իմիտացիա արել, աբսուրդի ենք հասցրել ամեն ինչ և զարմանում ենք, որ պետություն կորցրինք: Իսկ որ պետություն ենք կորցրել, մի կասկածեք դրանում: Մենք կորցրել ենք սուվերենությունը, և ես չգիտեմ՝ ոնց ենք դա վերականգնելու»:
Անդրադառնալով վարչապետի ԺՊ Փաշինյանի՝ էլիտաներին ծնկի բերելու վերաբերյալ հայտարարությանը, նա հետևյալն ասաց. «Մուր են թափ տալիս գլխներիս. Դե, ամեն մեկիս մի մուրճ բաժանեք, տեսնենք՝ ով կմնա վերջում: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է էլիտան: Էլիտան է ձևավորում ժողովուրդը, հանել իրար դեմ, դա բոլշևիզմ է: Եթե մարդկանց հանում եք իրար դեմ, դա կործանում է: Մարդը, որը միլիարդատեր է, էլիտա չէ: Մեծ գումարներ հայտնվեցին մարդկանց ձեռքում, որոնք ո՛չ ճաշակ ունեն, ո՛չ մակարդակ, ո՛չ կրթություն, և իրենք սկսեցին ինֆրաստրուկտուրա ձևավորել: Ես ամբողջ կյանքս դրա դեմ եմ պայքարել:
Ասում էին՝ շուկան սա է ուզում, ու ինչքան գարշանք կա՝ մարդկանց գլխին էին լցնում էն մարդիկ, ովքեր այսօր կանգնել են վարչապետի կողքին և գոռում են: Այդ մարդիկ էլ են դրա մեջ մասնակցել, և այդ կապիտալը դիզել են այդ ժամանակ՝ գարշանք արտադրելով, իսկ մենք առանց կոպեկի փորձում էինք հակադրել և մաքրել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում