Պարզապես ծիծաղելի է, որ կալանքի տակ է բժիշկը, ով հազարավոր կյանքեր է փրկել, իսկ ինչ-որ մարդիկ՝ լինի նախկինից թե ներկայից, հանգիստ իրենց համար շվշվացնում, ման են գալիս. Կարեն Քոչարյան

«Ազգային ժողովում ընդդիմության որակն արդեն լրիվ այլ է լինելու: Կարծում եմ՝ այս ընդդիմությունը բավականին հետաքրքիր պահեր է ստեղծելու իշխանության համար: Համոզված եմ, որ սրանք հերթական արտահերթ ընտրություններն էին, որովհետև հաջորդ ընտրությունները, ըստ իս, կրկին լինելու են արտահերթ»,- այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական գերտերությունների մոտ կա կոնսենսուս՝ ավարտել այն, ինչ սկսվել է նոյեմբերի 9-ին:

«Երբ ամբողջովին այդ պրոցեսը կհամարեն ավարտված, այդ պահից սկսած այս իշխանություններն այլևս ոչ մեկի պետք չեն լինելու»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ըննդիմության կողմից մանդատը վերցնել-չվերցնելուն՝ քաղտեխնոլոգն ասաց. «Եթե մանդատը չվերցնեն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը, պետք է ըստ օրենքի վերցնեն հաջորդ ուժերը: Իմաստը ո՞րն է՝ թողնել հաջորդ ուժերին: Խորհրդարանի նման հարթակը թողնել, մնալ միայն փողոցի հույսին, իմաստ չունի»:

«Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորման մասին Կարեն Քոչարյանն ասաց. «Հիմար ուժի ցուցադրում է: Պարզապես ծիծաղելի է, որ կալանքի տակ է բժիշկը, ով հազարավոր կյանքեր է փրկել ու դեռ փրկելու է, իսկ ինչ-որ տարբեր մարդիկ՝ լինի նախկինից թե ներկայից, հանգիստ իրենց համար շվշվացնում, ման են գալիս: Դա պարզապես զավեշտ է: Սկսած վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանից, Լոռու մարզպետից, ով ծեծել է Օձունի գյուղապետին: Նրանք կալանքի չեն ենթարկվում»:

Տեսանյութեր

Լրահոս