Զգացողությունը, որ պետք է լիներ այլ բան, բայց եղավ բոլորովին հակառակը, այդ զգացումը չի թողնում. հոգեբան

«Այն զգացողությունը, որ պետք է լիներ այլ բան, բայց եղավ բոլորովին հակառակը, այդ զգացումը չի թողնում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Խոսելով ընտրությունների մասին՝ հոգեբանը նշեց. «Գրանցված եմ Բաղրամյան պողոտայում, միշտ ընտրել եմ «Փոսի դպրոցում», գնացի հերթ կանգնեցի, ուժեղ քամի էր, շուռ էր տվել բոլոր ցուցակները, և դա, գիտեք, այնքան տխուր պատմություն էր, երբ գալիս, տեսնում ես, որ քո ազգանունը, քո հարևանի, բարեկամի ցուցակները գետնին են: Հերթը երկար էր, հետո մտա, պարզվեց, որ մեր ընտրատեղամասը փոխվել է: Հազիվ հասցրեցի գնալ Կամոյի անվան դպրոց և ընտրողներից վերջինն էի: Ոչ մի ծանուցում չէր եկել, որ մեր ընտրատեղամասը փոխված է: Երիտասարդ տղաները իմ վրա այնպես էին բղավում, երբ ասացի՝ մեր ազգանուններն ինչո՞ւ են գետնին: Ասում են՝ դուք հասկանո՞ւմ եք, որ մենք քամու դեմ ոչինչ չենք կարող անել»:

Հոգեբանը ցավով արձանագրեց՝ և ընտրություններից առաջ էր այդպես, և հետո՝ ընտանիքներում մտել է պառակտումը:

«Լուրջ հետազոտության բան է այն, որ քաղաքացիների 50 տոկոսը չգնաց ընտրության: Երբ հարցնում եմ՝ ինչու չգնացին, պատասխանում են, որ ոչ մեկի չեն կարող սատարել, ընդունել: Քաղաքացիական հասարակության կառուցման գործընթացում ոնց որ հետ մղված լինենք»,- ասաց Իրինա Ծատուրյանը:

Հաջորդ հարցը, որը մտահոգում էր հոգեբանին՝ միահամուռ դառնալն էր. «Մեզ համար ե՞րբ վերջապես ղարաբաղցի ասածը և հայ ասածը ոչ թե հոմանիշ կլինեն, այլ մեկ ամբողջություն»:

Տեսանյութեր

Լրահոս