Մենք արտահերթ ընտրությունների շարքը չենք ավարտել. Լարիսա Ալավերդյան

«ԱԺ արտահերթ ընտրությունները կարևոր էին այն առումով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությանը և վերհիշենք վարպետ Մուկուչյանի թվերը նկարելու արվեստը: Դժվար է պատկերացնել մեկի, ով կհավատա, որ իշխանական թևը հավաքել է 53.92 տոկոս»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրություններ առաջիկայում ևս կլինեն:

«Մենք արտահերթ ընտրությունների շարքը չենք ավարտել: Այս արտահերթը չի լուծել կարևորագույն խնդիրները, այն է՝ հասարակության մոբիլիզացումը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով ռազմագերիների մասին՝ նա ընդգծեց. «Ուրախ եմ, որ Փաստաբանների պալատի նախագահն ասաց, որ իրենք պատրաստ են տրամադրել փաստաբանական աջակցություն: Ամիսներ առաջ ասել եմ՝ պատվազրկություն է երկրի համար, որի քաղաքացուն դատում են, ու նա իր երկրից չունի փաստաբան: Ի վերջո, դա առաջին քայլն էր, որը պետք է արվեր հենց այն ժամանակ, երբ ասել են, որ նրանք գերի չեն: Դա պետք է արվեր, որովհետև կարող է Ադրբեջանը մերժի, ու այդ ժամանակ պետությունն ամեն ինչ անի, որ այլ պետությունից, անպայման չէ՝ հայազգի, դատապաշտպաններ վարձեն, որ գնան պաշտպանեն: Վերջիվերջո, այդ մարդիկ պետք է զգան, որ անպաշտպան չեն: Ասել եմ, կրկնում եմ՝ այս իշխանությունները չունեն այն աստիճան հեղինակություն միջազգային հանրության մեջ, որ դիմեն այլ պետությունների, որպեսզի միջնորդեն»:

Հավելենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ապօրինի դատապարտվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից՝ հաշվի առնելով խնդրի գերզգայունությունը:

Գրասենյակը համագործակցության պատրաստակամություն է հայտնում խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, Փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց և/կամ իրավապաշտպան կազմակերպությունների հետ և կոչ է անում վերջիններիս, նախքան որևէ քայլ ձեռնարկելը, պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել իրենց հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս