«Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են, կամ ոտքերի տակ»․ թուրք գրող
«Times» ամսագրի, «Guardian» թերթի և «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված հայտնի թուրք լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչի նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քըլըչը հունիսի 26-ին Ստամբուլում կազմակերպված «պատվո երթը» լուսանկարելիս ենթարկվել է ոստիկանական բռնության։ Չորս ոստիկաններ նրան գետնին են պառկեցրել, նրանցից մեկն անգամ ոտքը լրագրողի կոկորդին է դրել։ Տեսարանը պատկերող լուսանկարը արագորեն տարածվել է համացանցում։
Ինքը՝ Բյուլենթ Քըլըչը, միջադեպը պատմել է հետևյալ կերպ․ «Ոստիկաններից մեկը ոտքով կոկորդս էր սեղմում, շունչս կտրվում էր։ Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»։ Իսկ Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը երեկ սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղի ունեցածը բոլորովին արտասովոր կամ բռնության կիրառում չի համարել․ «Չթույլատրված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողներին ձերբակալելը բռնություն չէ», -պնդել է պաշտոնյան։
Միջադեպին անդրադարձել է նաև թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը՝ իր «Էրդողանի լրագրողները կամ ձեռքերի վրա են կամ ոտքերի տակ» հոդվածով։ Ըստ հեղինակի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ խտրականությունը միշտ եղել է, բայց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության գալուց հետո այդ խտրականությունն ավելի համակարգված վիճակի է հասել։ «Տարբերությունն այն է, որ և ձեռքերի վրա պահվողները, և ոտքերի տակ գտնվողները շատ քիչ էին, և դա այնպիսի համակարգված տեսք չուներ, ինչպես այսօրվա Թուրքիայում է»,- գրում է Յեթքինը։