Բաժիններ՝

Մարին լե Պենի և Մակրոնի կուսակցություններն անհաջողություն են ունեցել Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրություններում

Մարին լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունն անհաջողություն է ունեցել Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրություններում: Այդ մասին վկայում են նախնական տվյալները, որոնք հրապարակվել են ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից։

Ընտրություններից առաջ փորձագետները «Ազգային միավորման» հաղթանակը կանխատեսել էին 13 տարածաշրջաններից առնվազն երկուսում, բայց, առաջին փուլի արդյունքներով, կուսակցությունն իրապես հաղթանակի էր հավակնում միայն դրանցից մեկում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափում: Երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 27-ին, ծայրահեղ աջերը չեն կարողացել հաղթանակ տանել նաեւ այս տարածաշրջանում:

Դիտորդները կարծում են, որ նման արդյունքների պատճառներից մեկը չափազանց ցածր մասնակցությունն էր. կորոնավիրուսի համավարակի եւ լավ ամառային եղանակի պայմաններում տարածաշրջաններում 2021 թվականի ընտրությունները քաղաքացիների մոտ սովորականից պակաս հետաքրքրություն են առաջացրել:

Տարածաշրջանային ընտրություններում եւս մեկ տանուլ տված խոշոր կուսակցություն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն»-ը: Դրա ներկայացուցիչները, առաջին փուլի արդյունքներով, հաղթանակի շանսերից զրկվել են բոլոր տարածաշրջաններում: Ինչպես եւ ծայրահեղ աջերի դեպքում, Մակրոնի կուսակցությունն անհաջողություն է ունեցել, որովհետեւ նրա ընտրազանգվածը հետաքրքրություններ չի դրսեւորել տարածաշրջանային ընտրություններում:

Երկրորդ փուլի արդյունքում ֆրանսիացիները նախապատվությունը տվել են ձախ եւ աջ ուղղության ավելի «ավանդական» կուսակցություններին: Այսպես, տարբեր աջ կոալիցիաներ (առանց «Ազգային միավորման») ստացել են Ֆրանսիայի մայրցամաքային մասի յոթ տարածաշրջանների նկատմամբ հսկողություն, ձախ կոալիցիաները՝ հինգի նկատմամբ: Եվս մեկ տարածաշրջանում՝ Կորսիկայում, ավանդաբար հաղթանակ են տանում տեղի ազգայնականները:

Այդուհանդերձ, ինչպես նշում է BFM TV հեռուստաալիքը, նման արդյունքները հազիվ թե արտացոլեն ֆրանսիական քաղաքականության մեջ ուժերի իրական դասավորությունը 2022 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ipsos եւ Sopra Steria ընկերությունների հարցման համաձայն, որն անցկացվել է տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Մակրոնը եւ լե Պենը առաջվա պես պետության ղեկավարի ընտրությունների ֆավորիտներն են:

Հարցման համաձայն, եթե նախագահի ընտրությունները կայանային հիմա, Մարին լե Պենը եւ Մակրոնը առաջին փուլում կստանային ձայների 24-ական տոկոսը եւ կանցնեին երկրորդ փուլ: Երրորդը եզրագիծը կհատեր աջ ուղղության քաղաքական գործիչ Կսավիե Բերտրանը (18 տոկոս), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս