Բաժիններ՝

Ռուսական նավերը և օդուժը զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք եւ հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 եւ Սու-34 կործանիչների ուղեկցությամբ: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողներին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Համատեղ վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռների անձնակազմերը, որոնք հնարավորություն ունեն կիրառել «Կինժալ» համալիրի կազմից նորագույն գերձայնային հրթիռները, եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները թռիչքների հերթական վարժանքներն են կատարել Միջերկրական ծովի արեւելյան մասում, որոնց ընթացքում իրագործել են ծովային գոտում օդային տարածության յուրացման առաջադրանքները»,-ասել են ռազմական գերատեսչությունում: Վարժանքների շրջանակներում ՄիԳ-31Կ ինքնաթիռները հրթիռների «էլեկտրոնային արձակումներ» են կատարել պայմանական հակառակորդի ուղղությամբ։

Նաեւ դժվարին կլիմայական պայմաններում ուսումնավարժական թռիչքների ժամանակ անցկացվում է տեխնիկայի ստուգում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում, եւ կատարելագործվում են երկարատեւ թռիչքները ջրի վրա, հավելել են գերատեսչությունում: Իր հերթին ՌԴ ռազմածովային նավատորմի հինգ նավերի, այդ թվում՝ «Մոսկվա» հրթիռային քրեյսերի, «Ադմիրալ Էսսեն» եւ Ադմիրալ Մակարով» ֆրեգատների անձնակազմերը հետ են մղել պայմանական հակառակորդի գրոհը եւ անցկացրել ՀՕՊ-ի ուժերի վարժանք: Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հատուկ ուշադրություն է դարձվել «պայմանական հակառակորդի ինքնաթիռներին, ուղղաթիռներին եւ անօդաչու թռչող սարքերին հակազդմանը»: «Ուսումնավարժական թռիչքների ընթացքում ինքնաթիռների անձնակազմերը ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում ուսումնական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ»,-հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս