Եթե գզվռտոցը շարունակվի մեր երկրում, իհարկե, չի կարող լինել որևէ դրական գործընթաց. Արման Ղուկասյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը կարծում է, որ քարոզարշավի ժամանակ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լիարժեք չեն ներկայացրել իրենց ծրագրերը:
«Գրեթե 50 տոկոսը չի գնացել ընտրությունների, կարծում եմ, որ դա մեծ ցուցիչ է: Ընտրողները չեն մասնակցել, քանի որ չեն տեսել այդ ծրագրային դրույթները: Կարող ենք ենթադրել, որ չեն տեսել այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնց կվստահեին իրենց քվեն, ինչը նշանակում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում բացվում է հնարավորություն՝ նոր քաղաքական ուժերի ակտիվության համար»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Արման Ղուկասյանը:
Խոսելով արտաքին վտանգների մասին՝ նա նշեց, որ այնպիսի մարտահրավերներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն միասնությամբ:
«Մենք բանակը վերակառուցելու խնդիր ունենք: Եթե գզվռտոցը շարունակվի մեր երկրում, իհարկե, չի կարող լինել որևէ դրական գործընթաց: Բացասական եմ գնահատում այն, որ մի կողմից՝ իշխանությունը կոչ արեց միասնության, մյուս կողմից՝ շարունակվում են քաղաքական հետապնդումները»:
Անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին, որը շարունակում է լուծում պահանջել երկար տարիներ, ինչի համար բողոքում են գյուղի բնակիչները, բանախոսը նկատեց. «Այսպես թե այնպես, իշխանություններն են թիվ մեկ պատասխանատուն: Մարդիկ շատ ճիշտ են մտածում, իրենք գնացել, քվեն տվել են իշխանություններին: Հողը մշակում են, ստանում բերք և ապրում են դրանով: Թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, ստացել են քվեների մեծամասնությունը, վերարտադրվել»:
Մանրամասները՝ տեսանյութում