Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կատարյալ է համարել ՉԺՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները
Ռուս-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ աննախընթաց բարձր մակարդակի եւ հարաբերությունների օրինակ դարձել երկու երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային կապերի բաժնի փոխղեկավար Գո Եչժոուն:
«Ներկայում չին-ռուսական համապարփակ գործընկերությունը եւ ռազմավարական փոխգործակցությունը նոր դարաշրջանում պահպանվում է աշխարհում տեղի ունեցող մեծ փոփոխությունների եւ փոխակերպումների ալիքի վրա: Այն դարձել է երկրների միջեւ կայուն, առողջ եւ կշռադատված հարաբերությունների մոդել եւ շոշափելի օգուտներ բերել ինչպես երկու երկրներին, այնպես էլ դրանց ժողովուրդներին»,-պաշտոնյան ասել է ճեպազրույցում, որը նվիրված էր հուլիսի 1-ին նշվող Չինաստանի կոմկուսի 100-ամյակին: Գո Եչժոուն նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները «վստահորեն շարժվում են փոխադարձ օգնության ցուցաբերման, խորը ինտեգրացման, նորարարական եւ ինովացիոն, ներառական եւ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»՝ տարբեր բնագավառներում իրական արդյունքներով:
«Միջազգային գործերում երկու երկրների միջեւ սերտ կոորդինացումը եւ համագործակցությունը նպաստում են ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,-ընդգծել է նա: Չինաստանի Կոմկուսի կենտկոմի ներկայացուցչի խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր մասը միջկուսակցական փոխանակումն է: Չինաստանի Կոմկուսը հարաբերություններ է պահպանում եւ փոխանակում է իրականացնում Ռուսաստանի չորս հիմնական քաղաքական կուսակցությունների՝ «Միասնական Ռուսաստանի», ՌԴ Կոմկուսի, ՌԼԴԿ-ի եւ «Արդար Ռուսաստանի» հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: