Բաժիններ՝

Ասանժի հարսնացուն հայտնել է բանտում ամուսնանալու իրենց ցանկության մասին

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելա Մորիսը, հայտարարել է բանտում ամուսնանալու իրենց մտադրության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննարկում ենք բանտում ամուսնանալու տարբերակը, մենք 2016 թվականից նշանված ենք»,- ասել է Մորիսը:

Նա ընդգծել է, որ եթե բանտում իրենց հարսանիքը կայանա, ապա արդեն Ասանժի ազատ արձակումից հետո նրանք կտոնեն հարսանեկան պսակադրությունը ընտանեկան ու ընկերական շրջապատում: «Մենք քննարկել ենք հարցը Բելմարշ բանտի հոգևորականների ծառայության հետ, նրանք ասացին, որ այստեղ իրենց ծառայության ընթացքում, այսինքն՝ 12 տարվա մեջ, հարսանիք չի եղել: Դա այդքան էլ հեշտ չէ»,- պարզաբանել է Մորիսը:

Մորիսի ու Ասանժի հարաբերությունները սկսվել են այն ժամանակվանից, երբ WikiLeaks-ի հիմնադիրը սկսել էր թաքնվել Միացյալ Թագավորությունում Էկվադորի դեսպանատանը: Զույգը երկու որդի ունի:

Ասանժը, ով 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել էր սեռական ոտնձգությունների ու բռնաբարության մեջ, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ զգուշանալով արտահանձնումից:

2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ԱՄՆ պահանջով ձերբակալել էին: Այդ օրվանից ի վեր նա Լոնդոնի Բելմարշի խիստ ռեժիմով բանտում է: Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ից: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժի դեմ մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու համար:

ԱՄՆ արտահանձնելու պարագայում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս