Վարդենիս քաղաքի 55-ամյա բնակիչը մեքենայից գողացել է գազային ատրճանակ և գումար
Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Հարկավոր էր օգտագործել արագ ահազանգման գործոնը, ինչը հաջողությամբ իրականացրին Վարդենիսի քրեական հետախույզները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կարող է կատարած լինի Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ։ Նա բերման ենթարկվեց բաժին:
Գազային ատրճանակը հայտնաբերվել ու վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու, թե այդ կարճ ընթացքում 55-ամյա տղամարդը որտեղ է թաքցրել բավական խոշոր գումարը:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: