
Իրանը ստեղծել է 7000 կմ հեռահարության դրոն. ԻՀՊԿ

Կիրակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանն ունի 7000 կիլոմետր հեռահարության թռչող սարք։ Այս մասին հայտնում է IRNA-ն:
Գեներալ Սալամին նշել է, որ այդ դրոններն ունեն հնարավորությունների լայն սպեկտր: Նա ընդգծել է, որ ԻՀՊԿ-ն պիոներ է ոչ միայն ռազմական տեխնոլոգիաների, այլ նաեւ մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ բժշկության մեջ: Նրա խոսքով՝ դրա վկայությունն է ԻՀՊԿ կազմի մեջ ներառված Բաքիյաթալայի բժշկական գիտությունների համալսարանի մշակած Noora COVID պատվաստանյութը:
Գեներալ Սալամին ընդգծել է, որ երկիրը, որը կարող է նշանակալի հաջողություններ գրանցել տնտեսական, տեխնոլոգիական եւ գիտական պատժամիջոցների պայմաններում, անկասկած, անհավանական է: Նա հավելել է, որ ոչ մի երկիր չի կարող հասնել հաջողության գագաթնակետին առանց դժվարություններ հաղթահարելու: