«Իշխանությունն ամեն օր ներկայացնում է, թե ամեն ինչ անում է, սակայն արդյունքները փաստում են, որ ոչինչ չի արվում». Սոֆյա Հովսեփյանը՝ հայ ռազմագերիների խնդրի մասին

Բաքվում հունիսի 25-ին վերսկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանը հայ զինվորականներին գերեվարելուց հետո այսօր Բաքվում նրանց որակել է՝ որպես ահաբեկիչներ, քրեական գործ հարուցել և սկսել դատավարական գործընթաց։ Այս ռազմագերիները բոլորը Շիրակի մարզից են և գերվարվել են պատերազմից հետո։

168.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով գերիների խնդիրներին և հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններին չի հաջողվում հայ ռազմագերիներին վերադարձնել հայրենիք, պատասխանեց, որ այդ հարցին պետք է պատասխանի իշխանությունը։

«Որպես կանոն, իշխանութունն ամեն օր ներկայացնում է, թե ամեն ինչ անում է, սակայն արդյունքները փաստում են, որ ոչինչ էլ չի արվում։ Կարծում եմ՝ այն իրավաբաննները, որոնք այսօր հավաքվել են և գտնում են, որ պետք է գնան Բաքու՝ ռազմագերիների շահերը պաշտպանելու համար, այդ խումբն արդեն վաղուց պետք է կազմված լիներ, քանի որ հայ ռազմագերիների դատավարությունը վաղուց է սկսվել։ Այո, դժվարություններ կլինեն ժամանակային առումով, բայց անհնար չի դարձնի նրանց վերադարձի առումով։ Ըստ իս, այդ փաստը նրանք կարող են նաև միջազգային ասպարեզում շահարկել, որովհետև եթե հայ ռազմագերիներն ահաբեկիչներ են, ապա մենք ունենք 9 հոգի հայրենիք վերադարձած, ովքեր եղել են նույն խմբում և նույն կարգավիճակում։ Սա արհեստական վակուում, լարվածություններ է առաջացնում, որի արդյունքում թշնամին սակարկման փաստն է առաջ քաշում, որին տրվում է նաև ՀՀ իշխանությունը՝ ինչ-որ տարածքների զիջումներ, քարտեզներ և չգիտես ինչեր»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա, հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների հետ կապված, միայն մեկը պետք է լինի, ինչը բեկման չի ենթարկվում՝ պահանջել, որպեսզի կատարեն նոյեմբերի 9-ի պարտավորությունը, և ոչինչ չզիջել ու չտալ։

Ադրբեջանը փաստացի խախտում է նոյեմբերի 9-ի պարտավորությունը, նաև պետք է պահանջել երրորդ կողմից՝ Ռուսաստանից, որպեսզի իրականացնեն իրենց պարտավորությունները։

«Բայց քանի որ մենք՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, ունենք կրավորական, ստորադասված կեցվածք, մենք որևէ պահանջ չունենք, հետևաբար՝ թշնամին ինչ ուզում՝ պահանջում է ու անում։ Այսօր որ ծնողի հետ էլ խոսես, կասի՝ Արցախը տվեք, Հայաստանն էլ տվեք, միայն իմ որդուն վերադարձրեք, կմնան անհայրենիք, բայց իրենց երեխաներին կպահանջեն։ Այսինքն՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք ոչինչ ասել չենք կարողանում։ Ես պնդում եմ, որ որևէ կերպ, որևէ բան չպետք է զիջվի, որովհետև մարդու առք ու վաճառքն արդեն  դեմ է միջազգային բոլոր կոնվենցիաներին, և ուղղակիորեն ամբողջ աշխարհը պետք է խառնվի և պահանջի հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը»,- շեշտեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ այսօր շիրակցի ռազմագերիներին Բաքվում դատապարտում են, իսկ մարզից Նիկոլ Փաշինյանը ստանում է ձայների մեծ քանակ, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց.

«Չմոռանանք, որ Շիրակի մարզն ունի զոհերի ամենամեծ թիվը, նաև ամենաշատ վիրավորներ ունի, և սարսափելի է, երբ այս ամենի ֆոնին տեսնում ենք այս արդյունքը։ Ես ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ՝ տա Աստված, որ բոլորի սխալը չդառնա հայության ճակատագրական վերջին դուռը փակելու պատճառ։ Գյուղեր կան, որ Նիկոլ Փաշինյանին 100 տոկոսով ձայն են տվել, ուրեմն գտնում են, որ նման իշխանություն է իրենց պետք՝ ոչինչ ասել չեմ կարող»։

Տեսանյութեր

Լրահոս