Բաժիններ՝

Վարորդի վիճակն էր մի փոքր վատ և ուսուցիչներից մեկինը. Այրումի համայնքապետը՝ քաբաբից թունավորված բնակիչների վիճակի մասին

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում  և լուծ) hունիսի 25-ին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել 43 անձ, որոնցից 23-ը (16 երեխա և 7 մեծահասակ) հոսպիտալացվել է:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները Տավուշի մարզի Այրում համայնքի բնակիչներ են` 29-ը՝ Այրումի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, 14-ը՝ մեծահասակ: Խումբը նույն օրը 2 ավտոբուսով մեկնել է Շիրակի մարզ՝ էքսկուրսիա: Մասնակիցները Շիրակի մարզի «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Մանրէաբանական հետազոտության նպատակով հիվանդներից կատարվել է նմուշառում: Նրանց առողջական վիճակը գնահատվում էր ծանր և միջին ծանրության:

Այրումի համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բոլորի վիճակը լավ է, արդեն դուրս են գրելու:

«Երեկ վարորդի վիճակն էր մի փոքր վատ և ուսուցիչներից մեկինը: Հիմա բոլորի մոտ դրական դինամիկա կա: Կարծես թե այսօր դուրս են գրելու»,- նշեց Արայիկ Պարանյանը:

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում են, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

-երեխաներին մի՛ տվեք այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար,

-խուսափե՛ք երեխաներին հյուրասիրել աղցաններ, որոնք շոգ եղանակին շատ արագ փչանում են և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ,

-ավտոմեքենայում սննդամթերքը մի՛ պահեք մեկ ժամից ավելի,

-խուսափե՛ք հատապտուղներ և այնպիսի միրգ և բանջարեղեն օգտագործելուց, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն, գերադասելի են գազարը, տանձը և խնձորը,

-կերե՛ք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,

-խորոված պատրաստելիս անպայման հետևե՛ք, որպեսզի միսը լավ եփվի (ապահովե՛ք լրիվ թերմիկ մշակումը),

-հավկիթն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ, ցանկալի է լվանալ կերակրի սոդայի թույլ լուծույթով,

-կիրառե՛ք անձնական կամ մեկանգամյա օգտագործման սպասք և հիգիենայի պարագաներ,

-խմե՛ք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, խուսափե՛ք բնական աղբյուրների ջրից,

-ստեղծե՛ք պայմաններ հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը հոսող ջրով լվանալու համար,

-մի՛ լողացեք անծանոթ և կասկածելի ջրամբարներում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս