Հայաստանում ընտրությունների ավարտից հետո, հույս ունենք, որ կլինի դրական պատասխան խաղաղության համաձայնագրի հարցում. Ալիև
«Ուրախ եմ տեսնել նման մեծ պատվիրակություն Եվրոպական միությունից: Սա մեր համագործակցության, ԵՄ-ի և նրա անդամների՝ տարածաշրջանային հարցերում ներգրավման լավ ցուցիչ է: Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ չափազանց հաջող է: Ադրբեջանը ստորագրել է և ընդունել է փաստաթղթեր ու համաձայնագրեր ռազմավարական գործընկերության շատ երկրների հետ, 9 անդամ երկրի: Կարծում եմ՝ սա մեր երկրի շատ մեծ ձեռքբերումն է, քանի որ խոսքն անդամ երկրների ¾-րդի մասին է, և դա ցույց է տալիս համագործակցության լայն շրջանակները, որոնք տարածվում են երկկողմ հետաքրքրություն և նշանակություն ունեցող շատ ոլորտների վրա»,- այս մասին այսօր Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի ԱԳ նախարարներին ու ԵՄ պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, թե որքանով ինքն է հասկանում՝ եվրոպացի պաշտոնյաների այցը տարածաշրջան նվիրված է ներկայիս իրավիճակին, որն առաջացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից հետո:
«Այլ խոսքերով, հետհակամարտային իրավիճակը նշանակալի է, քանի որ, ինչպես ես եմ կարծում, ներկայումս և հաջորդ տարվա ընթացքում մշակվելու են հիմնավոր մոտեցումներ հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի դիրքորոշումը բաց և պարզ է»,- նշել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ բազմիցս նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է հետհակամարտային իրավիճակից անցում կատարել խաղաղարար զարգացմանը և համագործակցությանը Հարավային Կովկասում:
«Ցավոք սրտի, մենք մինչ այս պահը նման որևէ բան ՀՀ կառավարությունից չենք լսել: ՀՀ Կառավարությունն արհամարհում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մեր հայտարարությունները: Բայց ինչ էլ լիներ, նախընտրական իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէր նման հայտարարությունների համար: Ներկայումս, Հայաստանում ընտրությունների ավարտից հետո, մենք հույս ունենք, որ կլինի դրական պատասխան: Իհարկե, ես կարծում եմ, որ Հայաստանում ձեր շփումների ժամանակ այս հարցը ևս կքննարկվի, քանի որ, եթե մենք չունենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր, դա նշանակում է, որ չկա և խաղաղություն: Չկա խաղաղություն ոչ միայն երկու երկրների միջև, այլև ողջ Հարավային Կովկասում: Մեզ հարկավոր է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ հարկավոր չէ: Մեզ պատերազմ հարկավոր չէր նաև նախկինում: Մենք պատրաստ ենք շրջել այդ էջը, առաջ շարժվել և տարածաշրջանային կայունության հարցում մեր ներդրումն ունենալ»,- նման հայտարարություններ է արել Ալիևը: