Ո՞նց կարող ենք մեզ թույլ տալ անորակ ջուր մատակարարել. «Վեոլիա ջուրը»՝ վատ համի ու դրա պատճառի մասին
Ջրի շատ վատ համի մասին ահազանգում են Երևանի ու մարզերի բնակիչները: Նրանք նշում են, որ մի քանի օր է՝ այդպես է:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն ասաց՝ կա օրգանոլեպտիկ հատկություն, այսինքն՝ այն, թե ինչպես է մեր քիմքն ընկալում այս համը կամ հոտը:
«Այս ջուրը եթե ձմռանը խմեք, չեք զգա որևէ համ ու հոտ: Ջուրը թորած չէ, պարունակում է մանգան, մի քիչ մագնեզիում, կալցիում և այլն, այ դրանց համը սառը վիճակում չեք զգում: Ջրի համը զգում եք 20 աստիճան տաքության պարագայում: Իսկ երբ ջուրը տաք է լինում, ոնց որ հիմա, դե, բնականաբար, ջուրը մի փոքր տաքացել է, դրան զուգահեռ՝ դուք սկսում եք զգալ ջրի մասնիկների համը: Այս տարի արտակարգ շոգ է, աղբյուրներից արդեն 10-12 աստիճան տաքությամբ է գալիս, անցնում է տասնյակ կիլոմետր խողովակաշարերով, էլի տաքանում է, գալիս է քաղաքային, ներքաղաքային ցանց: Պարզ է, չէ՞, որ եղած օրգանական նյութերի համը դուք պետք է զգաք: Ովքեր ստամոքսի խնդիրներ ունեն, կարող են սուր ընկալել: Բայց հավատացնում եմ, խմելու ջուրը որակյալ է:
Հիմնականում պատճառը շոգն է, սեպտեմբերին ավտոմատ կերպով բողոքները զրոյական են դառնում: Թե չէ ո՞նց կարող ենք մեզ թույլ տալ՝ անորակ ջուր մատակարարել մարդկանց»,- մանրամասնեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնարավոր է՝ թունավորել են, ասաց.
«Նման բան չկա: Մեր բոլոր ինժեներական կառույցները հուսալիորեն պահպանվում են, ու բացառվում է, որ նման բան լինի համակարգում»:
Հիշեցնենք՝ shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի 24-ին ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։ Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։ Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 68-ամյա Միխայիլ Լեդյաևն է։