«Այս ռեպրեսիաները նպատակ ունեն ցուցադրել կլոունադան, թե թավիշը վերացել է, պողպատը եկել է»

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում տեղեկացրեց, որ դաշինքն ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ իր դիմումը մուտքագրել է ԿԸՀ, իսկ արդյունքների անվավերության մասով ՍԴ դիմելու են մինչև հուլիսի 2-ը:

«Հույս ունեմ, որ ՍԴ-ն ընտրության արդյունքները կճանաչի անվավեր և կսահմանի մանդատների բաշխման նոր կարգ, որի համար լիազորված է «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով: Ե՛վ ԿԸՀ ներկայացված, և՛ ՍԴ ներկայացվելիք դիմումների հիմքում դրված են հստակ փաստեր: ՍԴ ներկայացվելիք դիմումում փաստերն ավելի շատ են լինելու, որովհետև մինչև այս պահը մենք շարունակում ենք ստանալ տարբեր դիտորդական կազմակերպությունների, անձ-դիտորդների և վստահված անձանց կողմից մի շարք աղաղակող խախտումներ:

Օրինակ՝ ծիծաղելի է, բայց ընտրատեղամասերից մեկի մոտակայքում հավի ճտեր են բաժանել քվեարկությունից դուրս եկող անձանց: Կան դիտորդներ, որոնք աղաղակում են քվեատուփեր փոխելու վերաբերյալ: Այս փաստերը ստուգվում են, համադրվում են և տեղ են գտնելու ՍԴ ներկայացվելիք դիմումում: Գործի քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով, բոլորս հնարավորություն ենք ունենալու հետևել ՍԴ նիստերին, որոնք գումարվելու են մեր ներկայացված դիմումի հիմքով, և հնարավորություն ենք ունենալու նաև տեսնել, թե մեր ներկայացրած փաստերից ՍԴ կողմից որոնք են համակողմանի և օբյեկտիվ քննվում, և որոնք են մնում ստվերում»,- ասաց իրավաբանը:

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ ԿԸՀ ներկայացրած այս պահի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն.

«107 պատգամավորական մանդատ ունեցող ԱԺ ենք ունենալու, և ՔՊ-ի ստացած 71 ձայնն այս պարագայում սահմանադրական մեծամասնություն չէ: Ակնկալում ենք, որ ԿԸՀ մուտքագրված դիմումի արդյունքում ԿԸՀ-ն անվավեր կճանաչի արդյունքները, բայց եթե անգամ ԿԸՀ-ն գտնի, որ անվավեր ճանաչելու հիմքեր չունի, այնուամենայնիվ, հույս ունենք, որ ՍԴ-ն անվավեր է ճանաչելու ընտրությունների արդյունքները և սահմանելու է մանդատների բաշխման նոր կարգ, ինչի արդյունքում հնարավոր է, որ ՔՊ-ն այլևս չունենա նաև 3/5-ն այս ԱԺ-ում»:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշինքների կողմից մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին՝ նա հետևյալն ասաց.

«Դա, կարծես թե, այն հիմնական քարն է, որը նետվում է դաշինքների վրա. Ես մի արձանագրում եմ ինքս ինձ համար կատարել՝ մենք ունենք մաքսիմալիստ հասարակություն, որովհետև այդ քարերը նետում են անգամ այն անձինք, ովքեր ժամանակ չեն ունեցել մասնակցելու ընտրության: Մենք սովորական ընտրություններ չէինք անցկացնում, և յուրաքանչյուր քաղաքացու համար պարտավորություն էր իր քվեին տեր կանգնելը. Այդ մարդիկ անգամ չեն իրացնում իրենց այդ պարտականությունը, բայց նետում են քարեր քո ուղղությամբ, ասելով՝ ես չեմ գնացել ընտրության, բայց դու պարտավոր էիր հաղթել կամ հավաքել ավելի շատ ձայներ, որպեսզի ես ապրեմ ավելի լավ երկրում:

Իմ անձնական կարծիքով՝ մանդատները վերցնելը ճիշտ է, որովհետև ձայների այսպիսի հարաբերակցությամբ, թեպետ ես վստահ եմ, որ դեռ հարաբերակցություն փոխվելու է, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ունեն ձայների այնպիսի խմբաքանակ, որի արդյունքում կարող են մի շարք կարևորագույն հարցերի լուծման համար խոչընդոտ հանդիսանալ այս կապիտուլյացիոն իշխանության համար, ինչո՞ւ ոչ՝ առանց իշխանության ձայների իրավունք ունեն նրանց կողմից ընդունված ցանկացած օրենքի սահմանադրականության վիճարկման հարցով դիմել ՍԴ, ստեղծել քննիչ հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար: Առանց ընդդիմության ձայների, այս պարագայում, իշխանությունն իրավունք չունի պաշտոնանկ անել ՀՀ նախագահին, ինչը բավականին լուրջ լծակ է ընդդիմության ձեռքում: Ձայների հարաբերակցության փոփոխության արդյունքում, հույս ունեմ, որ հնարավոր է անգամ ՔՊ-ն կորցնի իր 3/5-ը: Բացի այդ, մենք ունենք մի կարևոր այլ արձանագրում՝ վերջապես ունենալու ենք խորհրդարան, որտեղ լինելու է իրական ընդդիմություն»:

Հարցին՝ մանդատները վերցնելու դեպքում «Հայաստան» դաշինքը հրաժարվելո՞ւ է նաև իրենց կողմից այդքան քննադատվող պարգևավճարներից, նա պատասխանեց. «Դաշինքում տեղի ունեցող խոսակցություններն ու քննարկումները հիմք ընդունելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ ոչ միայն պարգևավճարներից չեն օգտվելու, այլև ես կոնկրետ մանդատը վերցնող պատգամավորների անունից կարող եմ ասել, որ հրաժարվելու են նաև ծառայողական ավտոմեքենաներից և բոլոր այն ռեսուրսներից, որոնցից ԱԺ պատգամավորը կարող է օգտվել:

Հետագայում ԱԺ նիստի գումարումից հետո այս եթերից խոստանում եմ մատնանշել, թե որ պատգամավորներն են և ինչու են հրաժարվել, բայց պարգևավճարների մասով, թույլ տվեք ասել, ես վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունն է հրաժարվելու: Եվ ոչ միայն պարգևավճարներից…»:

Իրավաբանը հավելեց, որ գործող իշխանությունների կողմից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ տարբեր գործողությունները և քաղաքական հետապնդումները չեն կարող վախեցնել դաշինքի անդամներին.

«Այն գործողությունները, որոնք տեղի են ունենում ոչ միայն պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ, այլև «Հայաստան» դաշինքի մի խումբ ներկայացուցիչ համայնքապետերի նկատմամբ, որոնցից մեկին երեկ բերման էին ենթարկել, և մոտավորապես 4 ժամ տեղեկություն չկար այդ անձի մասին, Օձունի համայնքապետի հետ տեղի ունեցածը, «Հայաստան» դաշինքի հասցեին ընդամենը դրական արտահայտված ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ երեկվանից սկսած ռեպրեսիաները նպատակ ունեն ցուցադրել, որ այդ կլոունադան՝ թավիշը վերացել է, պողպատը եկել է… բայց այդ պողպատը մի օր կհայտնվի նաև իշխանությունների գլխին:

Եթե իշխանությունները մտածում են, որ այսպիսի գործողություններով որևէ կերպ կկարողանան լռեցնել այն բարձր, օբյեկտիվ քննադատությունը, որը հնչում է այս իշխանությունների հասցեին, ապա չարաչար սխավում են: Եթե անգամ փորձեն կալանավորել, ձերբակալել «Հայաստան» դաշինքի բոլոր անդամներին, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բոլոր 153 պատգամավորի թեկնածուներին, մանդատ ստացած պատգամավորներին, փորձեն շինծու գործեր սարքել, միևնույն է՝ որևէ էական բան չի փոխելու, որովհետև այս իշխանությունները պատմության մեջ մնալու են՝ որպես Արցախի 75 տոկոսը հանձնած, 5000 զոհ տված, 10 հազար քաղաքացու հաշմանդամ դարձրած իշխանություններ»:

Իրավաբանը հավելեց. «Պապս ինձ միշտ ավանդել է, որ հայրենի հողը ունի հիշողություն, և ամենածանր պատասխանատվությունը, որ քեզ երբևէ կարող է բաժին հասնել, այն է, որ քո հայրենի հողը քեզ չների: Այս իշխանության ցանկացած գործ, փորձ, մանր ժուլիկություն, որ միտված է լինելու վերոնշյալ ամեն ինչը լռեցնելուն, միևնույն է՝ մի օր արժանանալու է հայրենի հողի պատասխանատվությանը, և դա, վստահ եմ, ամենածանր և ամենացավոտ պատասխանատվությունն է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս