«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն:
«Մենք ներկայում գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,-ուրբաթ ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:
Ալիևը շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը սոսկ հրադադարի համաձայնագիր չէ:
«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները կհամաձայնեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», – ասել է Ալիևը: