Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից. համագործակցության հուշագիր` «Կոնվերս» բանկի և ԿԳՄՍ նախարարության միջև

Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաև շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոնվերս» բանկին` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և նորարար նախաձեռնությունների համար. «Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից: Բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական և շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: Բնապահպանական, շրջակա միջավայրի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումն ամբողջապես համահունչ է պետական քաղաքականության առաջնահերթություններին»:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` նոր կրթական չափորոշիչներում մեծ տեղ է տրվում նաև սովորողի հմտություններին` զուգահեռաբար կարևորելով  արժեքների ձևավորումը` գիտելիքի ձեռքբերմանը համընթաց:

«Մշակութային արժեքների պահպանման կամ ցանկացած այլ ծրագրի հաջողության հիմքում կարևոր է ինչպես պետություն–մասնավոր գործընկերությունը, այնպես և առաջնահերթաբար համայնքային ներգրավվածությունը: Երբ սովորողը, երիտասարդն իր ձեռքով ծառ է տնկում իր համայնքի որևէ հուշարձանի հարևանությամբ,  նրա մոտ սեփականության զգացում է ձևավորվում, և հետագայում, վստահաբար, նա սրտացավորեն հոգ է տանելու դրա պահպանության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ավելացնելով, որ հայրենաճանաչությունը քաղաքացու ձևավորման գլխավոր և կայուն հենքն է:

«Բնապահպանական և կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է «Կոնվերս» բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում: Վստահ ենք, որ ԿԳՄՍ նախարարության հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ ու շարունակական: Ու դրա շնորհիվ մենք համատեղ ուժերով կստեղծենք երկարաժամկետ, արժեքավոր արդյունք»,- նշել է «Կոնվերս» բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:

Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթության և մասնագիտական կողմնորոշմանը միտված մի շարք միջոցառումներ, կլինեն հանդիպումներ մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց հետ:

Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման և դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաև բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաև մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական և միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը:

Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված և նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցները ( 9-12-րդ դասարանների աշակերտները):

Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու է բանկը: Միաժամանակ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով ևս համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութեր

Լրահոս