«Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը. դա Ադրբեջանի ու Հայաստանի գործն է». Բաքվում Թեհրանի դեսպանը` «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին, «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։
Պատասխանելով «Զանգեզուրի միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․«Իրանում կարող են տարբեր կարծիքներ լինել:
Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց պետությունների սահմանների փոփոխման։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը:
Իր խոսքում նա հավելել է, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
«Ուստի Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պետք է ամեն կերպ խթանեն իրար միջև երկաթուղային, ավտոմոբիլային և այլ հաղորդակցությունների բացումը», – ասել է դիվանագետը: