«Սոթք-Խոզնավար հատվածում ռուսական սահմանապահների տեղակայմամբ խնդիրները չեն ավարտվում»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների տեղակայմամբ մեր խնդիրներն ամբողջությամբ չեն ավարտվում:

Դեռ պարզ չի, թե ռուս սահմանապահները որ հատվածում են տեղակայվելու՝ հաշվի առնելով, որ սահմանի ճգրտման հարցերը մնում են օդում կախված, երկրորդ, եթե զորքերի հայելային հետ քաշում լինի, ապա որտեղ են գտնվելու հայկական և ադրբեջանական ստորաբաժանումները:

Որքան հասկանում եմ Հայաստանում կա քաղաքական որոշում այն մասին, որ այդ հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքերն են տեղակայվելու:

Այս պարագայում դեռ պարզ չէ, թե ՀՀ բանակային կորպուսներն առհասարակ այս ուղղություններով տեղակայում ունենալու ե՞ն, թե՞ ոչ:

Նկատի ունեմ գոնե խորքում, ինչն այս փուլում խիստ անհրաժեշտ եմ համարում:

Այս թեմաներով իշխանության տարբեր դեմքեր կցկտուր մեկնաբանություններ են անում, սակայն հակասություններն ու ոչ տրամաբանական հայտարարությունները թույլ չի տալիս հասկանալ գործընթացների ողջ էությունը:

Իմ տպավորությամբ, այս գործընթացում Հայաստանը բացակայում է և բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում, որտեղ մեր շահը միջնորդավորված է ներկայացվում»:

Տեսանյութեր

Լրահոս