Ո՞րն էջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգում խնդիրների պատճառը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը:
Քննարկման արդյունքում կողմերը հայտնեցին, որ նշված խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:
Նպատակ ունենալով սպառողներին զերծ պահել նմանատիպ անհարմարություններից՝ կողմերը պայմանավորվեցին, որ այսուհետ ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում կձեռնարկեն համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով»: