Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է: Այս տարբերակը լայնորեն տարածված «դելտա» (B.1.617.2) շտամի մուտացիան է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում հայտնաբերել է «Դելտա պլյուս» շտամով վարակման շուրջ 40 դեպք:
«Պետք է նշել, որ հինգ մարդուց չորսը, որոնց նմուշները դրական են ճանաչվել «Դելտա պլյուս» տարբերակի համար, պատվաստանյութ են ստացել եւ այժմ առողջ են: Սակայն այն հիվանդը, որը չի ներկայացել պատրաստման, մահացել է վիրուսից: Ահա թե ինչու մենք բոլորին կոչ ենք անում գալ պատվաստման»,-լրագրողներին հայտնել է նահանգի նախարար Վիշվաս Սարանգը:
Ինչպես հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, նոր շտամով վարակված կինը մահացել է մայիսի 23-ին, «Դելտա պլյուս»-ով նրա հիվանդանալու մասին հայտնի է դարձել հետազոտություններ անցկացնելուց հետո:
Նա նշել է, որ մահացածի ամուսնու մոտ ավելի վաղ եղել է COVID-19-ի դրական արդյունք, եւ ավելի ուշ նա ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները, իսկ մահացածը կորոնավիրուսի դեմ պատվաստում չէր ստացել: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղումէ մնում կորոնավիրուսով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թվով:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից ի վեր, երբ երկրում սկսվել է կորոնավիրուսի համավարակը, COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը Հնդկաստանում գերազանցել է 30 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 29 միլիոն մարդ, մահացել է 391 հազարից ավելին, իսկ բուժում ստացողների թիվը նվազել է մինչեւ 627 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: