ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ ընտրությունների շրջանում կիրառված վարչական ռեսուրսի մասին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ինչպես ընդհանուր առմամբ ՀՀ-ում աշխատող այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, որևէ կերպ չեն արձագանքում ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումներին, մասնավորապես՝ հռետորաբանությանը, կիրառված վարչական ռեսուրսներին ու ընտրական չարաշահումներին:

168.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը մի շարք հարցեր էր ուղղել հունիսի 18-ին, որոնք ներկայացնում ենք ստորև՝

1. ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ որևէ գնահատականով, հայտարարությամբ հանդես չի եկել: Պատվիրակությունն արձանագրե՞լ է արդյոք խախտումներ նախընտրական քարոզարշավի ընթացքում:

2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխող ուժի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից արվել են դեմոնստրատիվ սպառնալիք պարունակող ելույթներ հետևյալ ձևակերպումներով. «պատրաստվեք քաղաքացիական վրեժի, քաղաքացիական վենդետայի, կադրային ջարդերի», ավելին, իշխող ուժի նախընտրական քարոզարշավի հիմնական խորհրդանիշը դարձավ մուրճը, որը, իշխանության գալու դեպքում, ինչպես ինքն է խոստովանում, պատրաստվում է օգտագործել «ժանգոտած մեխերին» հեռացնելու նպատակով: Թեմային առանձին հայտարարությամբ անդրադարձել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ինչպե՞ս եք գնահատում սպառնալիքներով լի այս հռետորաբանությունը, մուրճի ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները նախընտրական շրջանում իշխող ուժի թեկնածուի կողմից:

3. Համացանցում և մամուլում բազմաթիվ տեսաապացույցներ են հրապարակվում իշխող ուժի քարոզարշավի օգտին վարչական ռեսուրսի կիրառման մասին: Մասնավորապես հայտնի է, որ մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին, հրահանգ էր իջեցվում ներկայանալ վարչապետի հավաքին, սպառնալով աշխատանքից ազատել, բազմաթիվ անչափահասներ էին մասնակցում իշխանության հանրահավաքներին ու հավաքներին, կան ապացույցներ՝ ինչպես են ավտոբուսներով բերվում հավաքներին, բացի այդ, ահռելի քանակությամբ ոստիկանական և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ են ներգրավել իշխանության քարոզարշավի ընթացքում: Սա խնդրահարույց համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

Մեր հարցերին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից պատասխանեցին՝ հղում կատարելով միջազգային դիտորդական առաքելությունների պատրաստած նախնական զեկույցին:

Ըստ պատվիրակության՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը լիովին համահունչ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների պատրաստած «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությանը»:

«Հայտարարությունը, բացի այլ հարցերից, նշում է, որ «Քարոզարշավի ողջ ընթացքում եղել են նաև վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներ, որոնք սակայն չեն արժանացել պատշաճ արձագանքի» և հստակ հղում է կատարում ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ համատեղ կարծիքին»»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս