«Որտեղի՞ց այդ գաղափարը». ՀԷՑ խոսնակը «Վեոլիա ջրի»՝ իրենց պարտք լինելու մասին
Քաղաքացիները, մի քանի օր է, ինչ բարձրաձայնում են ջրանջատումների հարցը՝ թե մայրաքաղաքում, թե՛ մարզերում: Նրանց փոխանցմամբ՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ, և այդ պատճառով շատ բնակավայրերում դադարեցված է ջրամատակարարումը, կամ ջրի հոսքը շատ թույլ է:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված՝ զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, որ «Վեոլիա ջուրը» ՀԷՑ-ին ահռելի գումար է պարտք, ու հոսանքազրկումը նախատեսված է եղել դեռևս ընտրություններից առաջ, բայց կառավարությունից խնդրել են մինչև ընտրություններ նման բան չանել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշել էր.
«Դուք լուրջ մտածում եք, որ «Վեոլիա ջրի» նման ընկերությունն ինչ-որ մեկին պարտք կլինի՞: Դա բացառվում է: Մենք հսկայական ներդրումներ ենք անում համակարգում ու, եթե գումար չունենք վճարելու սպառածի դիմաց, բա ինչպե՞ս կարող ենք համակարգում ներդրումներ անել: Եթե միլիարդների ներդրում ենք անում, ուրեմն գումար ունենք, չէ՞: Մի՞թե մեր էներգիայի գլխավոր մատակարարին անհարմար իրավիճակում կթողնենք: Հոսանքի լարման տատանումներ կան: Խնդիրը զուտ տեխնիկական է: Քիչ առաջ հայտնեցին, որ Կաթնաղբյուրի և Շորշորի պոմպակայաններն արդեն սկսել են աշխատել, մի քանի ժամից սպառողները ջուր կստանան»:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ևս զարմացած են պարտքի մասին շրջանառվող լուրերից:
«Որտեղի՞ց այդ գաղափարը: Լարման խնդիր է, գումարի հետ կապված հարց չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը:
Նշենք, որ ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել, որտեղ նշված է. «Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված հերթական հաղորդագրության, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի մի շարք պոմպակայանների աշխատանքում, հարկ ենք համարում նշել հետևյալը. ըստ Տեխնիկական կանոնակարգի միջազգային ստանդարտի (ГОСТ 32144-2013)` էլեկտրաէներգիայի լարման դրական/բացասական շեղումները չպետք է գերազանցեն 10 %-ը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում պոմպի աշխատանքի անջատման պատճառ, նշում է լարման նվազումը՝ 6000 վ-ի փոխարեն՝ 5484 վ, ավելացնում նաև, որ 4 պոմպի փոխարեն աշխատում է 1-ը: Առաջինը, տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, և երկրորդը, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաև մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա’մ միանում են, կա’մ՝ ոչ, և պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի: Նույնը կարելի է ասել հաղորդագրության մեջ նշված մյուս օրինակների մասին:
Ինչ վերաբերում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից էլեկտրամատակարարման լարման շեղումների մասին 15 օրվա կտրվածքով բողոքին, խնդրում ենք նկատի ունենալ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից այս օրերին լարման շեղման վերաբերյալ որևէ բողոք չի ստացել:
Ավելին, մեր Ընկերության մի շարք աշխատակիցներ, երեկ զանգահարելով «Վեոլիա Ջուր» ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն, ճշտելու, թե որն է իրենց հասցեների ջրազրկման պատճառը, և պատասխան ստանալով, որ պատճառը լարման շեղումներն են, հնարավորություն են ունեցել չափելու լարումը և համոզվել են, որ շեղում չկա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար»: