«Էրդողանը հանգիստ չի մնա, մինչև որ իր զորքերը չբերի, չհասցնի Ղարաբաղ». Ռուբեն Սահակյան
Մինչ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվեց թուրք-ադրբեջանական մարտավարական հերթական զորավարժությունը, 7-րդը՝ 2021թ.-ին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի խոսքով՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, դա լինելու է ի վնաս Հայաստանի:
«Վարչապետն ասաց, որ ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի: Այդքան բան գիտենք: Որ դա մեզ վնաս է, դա հաստատ է, ի վնաս Հայաստանի, իմ կարծիքով: Որովհետև զրջումների, հատկապես՝ ռազմագերիների չլուծված խնդիրը, Բաքվի կեղծ դատավարությունը մեզ ցույց է տալիս, որ իրավիճակը նորմալ չի: Նախիջանում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժությունները ցույց են տալիս, որ նրանք ուղղակիորեն ճնշում են գործադրում մեզ վրա, ստիպում են ինչ-որ մի բան անել: Թե ինչ բան, մենք չգիտենք: Բայց ի վնաս մեզ, իհարկե, որովհետև այսքան արագ իրար հետևից մի քանի զորավարժություններ չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը:
Թուրք-ադրբեջանական փոխօգնության հիմքերն ամրապնդելուն էր ուղղված նաև Հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագիրը: Պատմաբանի խոսքով՝ այդ համաձայնագրի ստորագրումն ավելի շատ ձևական բնույթ էր կրում, քանի որ մինչ այդ էլ տեսանելի էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը:
«Ստորագրությունը կեղծ բան է, որովհետև նրանք վաղուց ունեն այդ ռազմական օգնության հարաբերություններն իրար հետ: Նախիջևանում վաղուց թուրքական զորքեր կան: Ու ոչ միայն մեզ վրա են ճնշում գործադրում, այլև Վրաստանի վրա, ինչ-որ ձևով՝ նաև Ռուսաստանի վրա: Էրդողանը հանգիստ չի մնա, իմ կարծիքով, մինչև որ իր զորքերը չբերի, չհասցնի Ղարաբաղ: Դեպի դա է գնալու: Եվ հավանաբար այս իրավիճակն էլ դա է ցույց տալիս: Անընդհատ զորավարժություններ չեն կատարում: Սա հոգեբանական ազդեցություն գործելու նպատակ ունի, որպեսզի մենք էլ ավելի զիջումների գնանք կամ այս հասարակությանը ապացուցեն, որ՝ «տեսեք, իրավիճակն այնպիսին է, որ ստիպված ենք որոշակի խնդիրների հետ համաձայնել»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
Հարցին, թե արդյոք կա՞ հնարավորություն ինչ-որ կերպ հակազդել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առավել մեծ ծավալներով հաստատմանը, պատմաբանն արձագանքեց.
«Այն միասնությունը, որ կար, որը պատերազմի ժամանակ ցուցաբերվեց, այդ միասնությունը պետք է վերականգնվի: Հիմա հասարակությունը փաստորեն այս ընտրություններից հետո պառակտված է: Ուստի ես դժվարանում եմ որևէ բան ասել: Բայց հույս ունեմ, որ այդ միասնությունը կլինի, և հակառակորդը, երբ զգաց այդ միասնությունը, այլևս այդպիսի քայլեր չի կատարի: Դրա առաջին նշանը պետք է լինի այն, որ մեր բոլոր ռազմագերիներին կարողանանք ազատել գերությունից: Նրանք ոչ թե ռազմական հանցագործներ են, ինչպես ներկայացնում են ադրբեջանցիները, այլ ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք: Ստիպողաբար, օգտագործելով միջազգային բոլոր կառույցները, պետք է հասնենք նրանց ազատմանը, որը առաջին քայլը կլինի դեպի միասնություն»: