«Իրենց քայլերով իշխանությունները ցույց տվեցին՝ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, պետությունը քայքայելու գործելաոճին». «Հայաստան» դաշինքը դատապարտում է Ա. Չարչյանի կալանավորումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքը վերոնշյալի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է փաստացի ընտրություններից աnմիջապես հետո ձեւավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։
«Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ նվիրված են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին։ «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը եւ անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՔԾ-ը ձերբակալել էր Հայաստան դաշինքի անդամ, Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին համացանցում հրապարակաված ձայնագրության հետ կապված։ Պաշտպանների կողմից վիճարկվել էր ձերբակալման իրավաչափությունը, ինչը դատարանը բավարարել էր։ Ինչից հետո ՀՔԾ-ը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավվել Արմեն Չարչյանին և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Չարչյանի խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ, որը այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել է։