«Հակապետական իշխանության համար «Պատիվ ունեմ» դաշինքի պես ընդդիմությունը մղձավանջ է». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ ԵԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանն այն կարծիքին է, որ ընտրություններին չմասնակցած ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հիմնականում ընդդիմադիր ձայներ էին, և ոչ պրոիշխանական:
«Գուցե մենք չենք կարողացել մինչև վերջ կոմունիկացնել մեր անելիքները, գուցե չենք կարողացել մինչև վերջ բացատրել՝ ինչ աղետ կարող է լինել իշխանության վերարտադրությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկ Մամիջանյանը հորդորեց բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք պլանավորում են առաջիկա տարիներին լինել ՔՊ-ի հաճախորդը, նայել ԼՀԿ ստացած ձայները՝ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հիմա, և հասկանան, թե հաճախորդի վերջը ինչ է լինում:
Անդրադառնալով քննարկումներին, թե արդյո՞ք պետք է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն իրենց մանդատներից, թե՞ ոչ, նա հետևյալն ասաց. «Դեռևս քննարկում ենք՝ մանդատ վերցնե՞լ, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ երբ ընդդիմադիր երկու ուժերից մեկը հայտարարի, որ վերցնում է մանդատները, նույն վայրկյանին իշխանական քարոզչամեքենան սկսելու է տակից աշխատել՝ այ, մանդատակռիվ էր, և այլն: Սիրելիներս, որևէ հետևանք չի լինելու, եթե մենք և «Հայաստանը» չվերցնենք մանդատները: Երկրորդ՝ դեռևս, ո՛չ մենք, ո՛չ, ինչքան հետևում եմ հարցազրույցներին, «Հայաստանը» չունենք որոշում՝ մանդատները վերցնել, թե ոչ: Այն պարագայում, եթե որոշվի վերցնել, ես վստահ եմ, որ բոլորիս համար ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ եթե այս պահին ունենք պայքարի գործիքներ՝ բջջային հեռախոս, համակարգիչ և ռուպր, դրան ավելանալու է ևս մեկ պայքարի գործիք՝ ԱԺ վկայականը: Շատ տարբեր լուծումներ կան և՛ վերցնելու, և՛ չվերցնելու պարագայում, թե ինչպես շարունակել պայքարը: Էական է մի բան, որ մեր բոլոր քաղաքացիները հասկանան՝ «Պատիվ ունեմ»-ին տված քվեն, որը ենթադրում էր ռադիկալ, ընդդիմադիր քվե, ազգային ուժին տրված քվե, շարունակելու է մնալ այդպես: Մենք շարունակելու ենք լինել ռադիկալ ընդդիմություն, որևէ պլաններ չունենք ՔՊ-ի հետ որևէ ֆորմատով համագործակցության: Երբ ՔՊ-ից խոսում են համերաշխության և համագործակցության մթնոլորտի մասին, և հաջորդ առավոտյան Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ է հայտնվում, դա մի տեսակ ծիծաղելի է: Երբ խոսում են համերաշխության մասին, և հաջորդ օրը նորություն է տարածվում, որ մարզպետներից մեկը համայնքի ղեկավարին ծեծել է իր կաբինետում, երբ խոսում են համերաշխության մասին, և միևնույն ժամանակ՝ մեզ սատարած համայնքապետերի տներ խուզարկությունների են գնում, ի՞նչ համերաշխության մասին կարող է խոսք լինել»:
Հայկ Մամիջանյանը վստահ է՝ երբ Հայաստանում լինի շատ ավելի պահանջկոտ ընտրող, այդ ժամանակ նույնիսկ կարիք չի լինելու քարոզել՝ ձայնը տալ «Պատիվ ունեմ» դաշինքին:
«Եթե սրանք նախորդիվ անում էին որևէ հակահայ գործողություն և դրա պատասխանը ստանում էին ԱԺ-ից դուրս գալուց բակում, փողոցում, եթերում, եթե մենք մանդատները վերցնենք, դրան կգումարվի նաև ԱԺ ներսում դրա պատասխանը ստանալը: Մենք սուրճ չենք խմելու մարդկանց հետ և հետո լեգիտիմացնենք իրենց գործողությունները: Ընդ որում՝ եթե հանկարծ մենք որոշենք մանդատները վերցնել, վստահեցնում եմ՝ դա նոր խոսք կլինի ընդդիմադիր պառլամենտական գործունեության մեջ: Այդ մեկը կարող եմ խոստանալ»,- ընդգծեց նա:
ՀՀԿ ԵԿ նախագահը շեշտեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չի լեգիտիմացվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան.
«Սա նոյեմբերի 9-ի լեգիտիմիզացիա չէր, քվեարկելու իրավունք ունեցող անձանց 20 քանի տոկոսն է համաձայնել դրա հետ, այն էլ՝ մի մասը՝ մոլորությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խնդիրներ լուծվեցին, որևէ խնդիր չլուծվեց: Ճգնաժամն ավելի խորացավ, որևէ հարցի պատասխան չտրվեց, ավելին՝ առաջացան նոր հարցեր: Բայց հաճախ, ինձ երբ հարցնում են՝ լավ, ի՞նչ եք կարողանալու անել, տրամաբանությունն ու պատասխանը մեկն է՝ մարդիկ, որոնք ինչ ռեսուրս ունեին՝ օգտագործում էին ի շահ պետության, հիմա շարունակելու են նույնն անել: Մի բան միանշանակ է՝ հակապետական իշխանության համար «Պատիվ ունեմ» դաշինքի պես ընդդիմությունը մղձավանջ է, որովհետև արտաքինից մինչև բանակաշինություն՝ մենք ունենք պրոֆեսիոնալներ, որոնք այդ ոլորտներին տիրապետում են ներսից՝ ուղնուծուծով, և շատ բարդ կլինի միջին որակի և միջին ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող աֆերիստներին՝ փորձել մեզ հրամցնել իրենց պատրանքները, սուտ խոստումները՝ իրականության փոխարեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում