Ինչո՞ւ է ոստիկանությունը հրաժարվում ասել՝ Ռուբեն Հայրապետյանն Ինտերպոլով հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ
Տևական ժամանակ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը գտնվում է արտերկրում:
2020թ. մայիսի 27-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, իրապապահները նաև դիմել են դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ:
Քանի որ Հայրապետյանը Մոսկվայում է, հետևաբար՝ Քննչական կոմիտեն դիմել էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։
Նշենք, որ Ռ. Հայրապետյանը երբևէ չի թաքցրել իր գտնվելու վայրը և հասցեն:
Մինչ օրս, սակայն, հասկանալի չէ՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը ստանալու համար 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախարար, գործարար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ:
Ոստիկանությունից մեզ պատասխանել էին, որ հարցման վերաբերյալ լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն կա, ու մեզ կպատասխանեն 30 օրում:
Մենք էլ ողջամիտ կասկած էինք հայտնել, որ «այո» կամ «ոչ» պատասխանելու համար 30-օրյա ժամկետ խնդրելով՝ ոստիկանությունն ընդամենը սպասում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Եվ, փաստորեն, չէինք սխալվել:
Իրենց առաջին պատասխանից՝ ընդամենը 6, իսկ ընտրությունների հաջորդ օրն իսկ մեզ ոստիկանությունից մասնավորապես պատասխանել են.
«Ռուբեն Հայրապետյանի հետախուզման տեսակը, ինչպես և հետախուզական աշխատանքների արդյունքում որոնվողի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները, ընդգրկված լինելով օպերատիվ-հետախուզական համակարգում, նորմատիվ ակտի ուժով հանդիսանում են ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»:
Մենք որևէ մանրամասներ հետախուզական աշխատանքների վերաբերյալ չէինք խնդրել, ընդամենը ցանկացել էինք իմանալ՝ միջազգային հետախուզում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ: Այո՞, թե՞ ոչ:
Փաստացի ոստիկանությունը հրաժարվել է պատասխանել մեր պարզունակ հարցին:
Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու՝ հայրենի ոստիկանների գործողությունները կարող է գնահատել որպես ինքնախաբեություն այն տրամաբանությամբ, որ ոստիկանությունը ուղիղ տիրապետում է Հայրապետյանի գտնվելու վայրի հասցեին:
«Ինքս երկու անգամ ոստիկանությանը հարցումներ եմ կատարել՝ պարզելու, թե Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ի՞նչ բնույթի հետախուզում է հայտարարված, Ինտերպոլի՞, թե՞ ԱՊՀ երկրներով, սակայն ոստիկանությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել՝ դրանով խախտելով պաշտպանյալիս իրավունքները՝ այն առումով, որ մենք չենք կարողանում Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի միջոցով վիճարկել Ռուբեն Հայրապետյանի հետախուզման հիմքերը»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը դիտավորությամբ իրենց այդ տեղեկությունները չի տրամադրում, և իրենք հասկանում են՝ նպատակը որն է:
«Այստեղ անձի նկատմամբ իրականացվում է խոշտանգում: Հանրահայտ փաստ է, որ Ռուբեն Հայրապետյանը բուժման կարիք ունի, տևական ժամանակ արտերկրում բուժման կուրս է անցել, և եթե միջազգային հետախուզում հայտարարված է, միայն դրանով ոստիկանությունը թույլ չի տալիս, որ Հայրապետյանը կարողանա իր առողջությամբ զբաղվել»,- նշեց պաշտպանը:
Ամրամ Մակինյանն ասում է՝ դրա վերաբերյալ իրենք հետևողականորեն գնալու են մինչև այն մարդկանց պատասխանատվության կանչելու ճանապարհով, որոնց ապօրինի գործողությունների արդյունքում մարդու առողջությանն անընդհատ վնաս է պատճառվում:
«Դա քաղաքական հաշվեհարդար է, իհարկե, գիտենք՝ ում կողմից»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը: