Ոստիկանությանը 30 օր է պետք Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար

Տևական ժամանակ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը գտնվում է արտերկրում:

2020թ. մայիսի 27-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, իրապապահները նաև դիմել են դատարան՝ նրան կալանավորելու միջնորդությամբ:

Քանի որ Հայրապետյանը Մոսկվայում է, հետևաբար՝ Քննչական կոմիտեն դիմել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն ու խնդրել աջակցել Հայրապետյանին վերադառնալու հարցում։

Մինչ օրս, սակայն, հասկանալի չէ՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ:

Այս հարցի պատասխանը ստանալու համար 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝  ցանկանալով ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախարար, գործարար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարվա՞ծ է, թե՞ ոչ:

«Ձեր  09.06.2021թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- պատասխանել էին ոստիկանությունից:

Թե ի՞նչ լրացուցիչ աշխատանք էր պետք կատարել ընդամենը հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար, թերևս, միայն ոստիկանությունում կիմանան: Մեզ մնում է ենթադրել՝ ոստիկանությունը ընդամենը սպասում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

 

Տեսանյութեր

Լրահոս