«Ռոբերտ Քոչարյանը փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարություն վերցնելը». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրականությունը:

«Քանի որ դեռևս կողմերը չեն դիմել ՍԴ և դեռևս հավաքագրում են բոլոր խախտումները, մի քիչ շուտ է խոսել՝ ոնց են կեղծել, ինչ են արել, բայց ընտրությունները կեղծվել են: Կեղծվել են տարբեր մակարդակներով՝ սկսած ադմինիստրատիվ ռեսուրսներից, վերջացրած՝ ծրագրային որոշակի երևույթներով, դրա համար ես հավատում եմ «Գելլափի» թվերին: Առնվազն, «Գելլափի» նախավերջին թվերով՝ բոլոր թվերը համընկել են, օրինակ՝ «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի, ԲՀԿ-ի տոկոսները, ընտրություններին մասնակցողների քանակը, և միայն ՔՊ-ի դեպքում նման փոփոխություն եղավ: Ընդ որում, բոլոր հարցումներով՝ Փաշինյանն այսպիսի տոկոս չէր կարող հավաքել: Ավելին ասեմ՝ Փաշինյանը իբր հաղթել է, հաջորդ օրը նրա հանրահավաքին ինչքա՞ն մարդ եկավ՝ 6-7 հազար: Դա հաղթած մարդու հանրահավաք չէր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ նոր խորհրդարանում ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին կարող է պարտադրել համերաշխություն, ոչ թե հակառակը. «Խորհրդարանական ընդդիմության դաշտը ամբողջությամբ վերաֆորմատավորվել է, և այստեղ Նիկոլ Փաշինյանը երբևէ ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Արթուր Վանեցյան-Սերժ Սարգսյանին որևէ բան չի կարողանա պարտադրել, վախեցնել, կաշառել, ստիպել, կամ ինչ-որ բան անել, ինչպես դա անում էր ստոկհոլմյան սինդրոմով տառապող Էդմոն Մարուքյանի հետ կամ փորձելով ճնշել Գագիկ Ծառուկյանին՝ անընդհատ դիպչելով նրա բիզնեսներին:

Հիշո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն Էդմոն Մարուքյանի հետևից վազում էր, որ մի ձայն տան, որպեսզի մտնեն ՍԴ. Հիմա այդ խնդիրը լուծվեց: «Հայաստան» դաշինքն ունի 21 տոկոս, և բոլոր օրենքները, որոնք դակելու են Նիկոլի ուսապարկերը, «Հայաստան» դաշինքը կարող է ուղարկել ՍԴ: Ես ինչքան հասկանում եմ, սահմանադրական մեծամասնություն չունի Փաշինյանը, 2/3-ին մեկ ձայն է պակասում, ինչը խնդիր է դառնալու Փաշինյանի համար, փորձելու են պոկել «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքներից, վախեցնել որևէ մեկին, բայց այդ դաշինքներում ես վախեցող մարդկանց չեմ տեսնում: Շատ հավանական է, որ ընթացքում նույնիսկ Փաշինյանը կորցնի մի քանի պատգամավոր: Դա էլ է խնդիր նրա համար: Երրորդ՝ Փաշինյանը կորցրել է փողոցը: Փողոցը ներկա պահին Ռոբերտ Քոչարյանի ձեռքում է:

Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ ինքը կարող է ամբողջ հրապարակը լցնել՝ առանց ադմինիստրատիվ ռեսուրսների: Ռոբերտ Քոչարյանը փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարություն վերցնելը: Ավելի հեշտ է իշխանությունը վերցնել խորհրդարանից, քան փողոցից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս