
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցի կարգավորումը դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը». Արթուր Վանեցյան

Որպես խորհրդարանական ընդդիմություն՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Արցախի ապագայի վերաբերյալ ի՞նչ տեսլական ունի, խորհրդարան մտնելուց հետո արդյո՞ք դաշինքը նախատեսում է փաստահավաք խումբ ձևավորել կամ ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ 168.am–ն այս հարցերն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Առաջին հարցին ի պատասխան՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ Արցախի հարցը փակված չէ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները որևէ կերպ չեն լեգիտիմացրել Արցախի մի մասը հանձնելու հարցը։
«Մեզ համար Արցախի հարցը բաց է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցի կարգավորումը դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը, և այդ հարցերից մեկը դառնալով, պետք է հստակ օրակարգ բերվի Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի իրացումը։ Արցախում մարդիկ պետք է ունենան երաշխիքներ, որ նրանք բնակվելու են անվտանգ պայմաններում, որ այլևս Ադրբեջանի կողմից չի լինելու ուժի կիրառում կամ ուժի սպառնալիք»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այդ հարցի լուծումը պետք է շարունակվի այդ ձևաչափում, և որևէ այլ տրամաբանություն իրենց համար ընդունելի չէ։
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավարը հիշեցրեց նաև վերջերս Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ակնարկը, որ պետք է փոխվի Արցախի հարցի կարգավորման տրամաբանությունը՝ օգտագործելով «անջատում հանուն փրկության» տերմինը։
«Սա մեզ համար անընդունելի է, Արցախի հարցի կարգավորման տրամաբանությունը չպետք է փոխել, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է շարունակել Արցախի հակամարտության կարգավորման հարցը»,- հավելեց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ նման հանձնաժողով միանշանակ պետք է ստեղծվի։
«Մենք ձեռնամուխ ենք լինելու քննիչ հանձնաժողով ձևավորելուն։ Մենք այդ հանձնաժողովի աշխատանքներով պետք է հասկանանք, թե ինչու սկսվեց այս պատերազմը, ինչու ունեցավ այսպիսի ընթացք և ինչու ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց։ Քննիչ հանձնաժողովը պետք է տա այդ բոլոր հարցերի պատասխանը»,- շեշտեց նա։