«Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է». պատմաբան

Այսօր առավոտյան մամուլը գրել էր, թե տեղեկություններ կան, որ «Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Սրան զուգահեռ՝ ադրբեջանաթուրքական կողմն  այս պահին դեռևս իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում շինարարական լուրջ աշխատանքներ են կատարում նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարության ուղղությամբ: Այդ աշխատանքների լուսանկարներն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հրապարակում է սոցիալական տարբեր կայքերում:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ աշնանը ստորագրվի մամուլում նշված փաստաթուղթը:

«Ամեն ինչ հնարավոր է: Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը ևս չի մերժում դրա գոյությունը և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ պատմաբանի՝ կա նաև հավանականություն, որ Հայաստանի իշխանությունը չգնա այդ փաստաթղթի ստորագրմանը:

«Դա էլ է հնարավոր: Եթե շատ ծանր պայմաններ առաջադրվեցին, ես չգիտեմ, ուրեմն Հայաստան պետության ինքնիշխանության հարցը դրվեց հարցականի տակ, ինչպե՞ս կարելի է նման բան ստորագրել»,- տարակուսանք հայտնեց նա:

Հարցին, թե պատմաբանի կարծիքով՝ ինչպե՞ս կարող են իշխանությունները պահպանել   Հայաստանի ինքնիշխանությունը, երբ մեկ ամսից ավելի է՝ ՀՀ տարածքում ավելի քան 1000 ադրբեջանցի զինվորական կա, Մելքոնյանն արձագանքեց.

«Ունենք այն, ինչ ունենք: Այսքան ժամանակ մենք դրա ականատեսն ենք եղել: Եվ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում»:

Տեսանյութեր

Լրահոս