
ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ հետ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համագործակցության բարձր մակարդակ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը:
«Ռուսաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կասկած չկա, որ նա միջազգային հարթակի առանցքային դերակատարներից է և կարևոր դերակատարում ունի տարբեր ճգնաժամային իրավիճակներում, որտեղ գործում է ԿԽՄԿ-ն: Այս համատեքստում, մենք համագործակցում ենք ազդեցության շատ դերակատարների հետ, այդ թվում և Ռուսաստանի: Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ,ինչպես օրինակ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է»,- հայտարարել է Մաուրերը: Նա կարևորել է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման գործում:
Հունիսի 23-ին ակնկալվում է Պետեր Մաուրերի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մաուրերը նաև կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովին: