«Սկզբունքային հանդիպյալները», կամ կառավարության ընդունելությունների սրահում հերթ է

Ընտրություններից առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար փորձում էր հրապարակային կերպով պարզել՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժը կոալիցիա կազմի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

Մայիսի 22-ին այդ հարցն ուղղվել էր «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, փաստաբան Նորայր Նորիկյանին:

«Ընտրվելու դեպքում Ձեր գլխավորած քաղաքական ուժը հնարավոր համարո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, թե՞ բացառում է այդ հնարավորությունը»,- մասնավորապես գրել էր Ռուբեն Մելիքյանը:

Նորայր Նորիկյանն արձագանքել էր իրեն ուղղված ուղիղ հարցին:

«Քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո»,- գրել էր Նորայր Նորիկյանը:

Գրառումը ենթադրում էր, որ Նորայր Նորիկյանը բացառում է առհասարակ որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

Այսօր հունիսի 22-ն է, և շատ պատեհ առիթ տեղծվեց վերհիշել Նորայր Նորիկյանի գրառումն ու ընթերցել այն հունիսի 21-ից ուղիղ մեկ օր հետո:

«Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր»,- գրված է կառավարության կայքի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրված հաղորդագրության մեջ:

Նույն կերպ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր բացառել համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական ուժի հետ:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր»,- այս հատվածն էլ վերցված է այսօր Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով պաշտոնական հաղորդագրությունից:

Հիմա, բնականաբար, այս քաղաքական գործիչները կասեն, որ խոսքը ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կոալիցիա կազմելուն է վերաբերել, բայց ի սկզբանե ակնհայտ էր, որ Նորայր Նորիկյանի շանսերը զրոյական են, իսկ Էդմոն Մարուքյանի հեռանկարները՝ մշուշոտ:

Խոսքն ընդամենը սկզբունքայնության մասին է, տարրական սկզբունքայնության: Հաջորդիվ մեզ մնում է սպասել ու տեսնել, թե այսօրվա «հանդիպյալներից» ով և ինչ պաշտոն կստանա նոր ձևավորվելիք կառավարության կազմում:

Տեսանյութեր

Լրահոս