Բաժիններ՝

Դուք լուրջ մտածում եք, որ «Վեոլիա ջրի» նման ընկերությունն ինչ-որ մեկին պարտք կլինի՞. խոսնակ

Քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հոսանքազրկել է մեծ քանակությամբ պոմպակայաններ և այդ պատճառով շատ բնակավայրերում արդեն մի քանի ժամ դադարեցված է ջրամատակարարումը։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված՝ զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը:

«Ջրի մոտ 40 տոկոսը աղբյուրներից ստանում ենք պոմպերով, հետևաբար՝ պարզ է, չէ՞, որ ջուրը պետք է պակասի: Մենք փորձում ենք ինքնահոս եղանակով ջուրը ուղարկել այս կամ այն թաղամաս, քաղաքներ, որ գոնե մեղմենք խնդիրը, սակայն լիարժեք փոխարինել ջրի այդ քանակով չենք կարող: Ներկայումս ՀԷՑ-ի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի պարզեն տատանումների պատճառը»,- մանրամասնեց Մուրադ Սարգսյանը:

Հարցին՝ լուրեր են պտտվում այն մասին, որ «Վեոլիա ջուրը» ՀԷՑ-ին ահռելի գումար է պարտք, ու հոսանքազրկումը նախատեսված է եղել դեռևս ընտրություններից առաջ, բայց կառավարությունից խնդրել են մինչև ընտրություններ նման բան չանել, «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պատասխանեց.

«Դուք լուրջ մտածում եք, որ «Վեոլիա ջրի» նման ընկերությունն ինչ-որ մեկին պարտք կլինի՞: Դա բացառվում է: Մենք հսկայական ներդրումներ ենք անում համակարգում ու, եթե գումար չունենք վճարելու սպառածի դիմաց, բա ինչպե՞ս կարող ենք համակարգում ներդրումներ անել: Եթե միլիարդների ներդրում ենք անում, ուրեմն գումար ունենք, չէ՞: Մի՞թե մեր էներգիայի գլխավոր մատակարարին անհարմար իրավիճակում կթողնենք: Հոսանքի լարման տատանումներ կան: Խնդիրը զուտ տեխնիկական է: Քիչ առաջ հայտնեցին, որ Կաթնաղբյուրի և Շորշորի պոմպակայաններն արդեն սկսել են աշխատել, մի քանի ժամից սպառողները ջուր կստանան»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածվել է հաղորդագրություն, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։ Այս կապակցությամբ, հարկ են համարում նշել, որ այսօր՝ ժամը 11:20 «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետեւանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում։ Գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլարտրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ Ներկա դրությամբ ընկերությունն աշխատում է թերությունները վերացնելու ուղղությամբ և պլանավորում ավարտել աշխատանքներն այսօր՝ մինչև ժամը 17:00-ն։ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խնդրում ենք այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել՝ նման թյուրըմբռնումներից խուսափելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս