ԳՇ պետը «դատարկ բան» է համարում զինվորների մասով ընտրական մեղադրանքները, «Հայաստան» դաշինքում պնդում են՝ հիմնավոր կասկածներ ունեն

Հունիսի 20-ին և դրանից հետո ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները, որ այս ընտրություններում բանակն օգտագործվել է իշխանության կողմից, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը համարում է «դատարկ բան» և նպատակահարմար չի համարում մեկնաբանել:

«Սովորույթի ուժով ասվում է դա: Այն տեսանյութերը կամ հայտարարությունները, որոնք տարածվել են համացանցում, ուսումնասիրության արդյունքում ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, և որևէ հաստատող նյութ մենք չտեսանք: Եթե կան կոնկրետ նյութեր, իրավապահ համակարգը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, թող փաստերով ներկայացնեն: Միաժամանակ ես իրենց առաջարկում եմ՝ եթե չկարողանան ապացուցել, հաստատել, գոնե ներողություն խնդրեն զինված ուժերից, և  մերկապարանոց հայտարարություններ չհնչեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ԳՇ պետը:

Այսօր, սակայն, լրագրողների հետ հանդիպմանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը պնդել է՝ զինվորականներն «օգտագործվել» են այս ընտրություններում:

«Հիմնավոր կասկածներ ունենք, որ նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատեղամասում»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բոլոր տվյալները հավաքագրում են:

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին հավելել է՝ տեսանյութեր կային, թե ոնց են զինվորներին բերում, իսկ սպաներն ընտրական տեղամասից դուրս չէին գալիս, նայում էին:

«Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, որ ուղղակի ասում էին՝ պիտի ցույց տաս, կողքից պիտի երևա: Եվ հանձնաժողովի անդամներն  ուղղակի չէին կարողանում նրանց հանել ընտրական տեղամասից: Իսկ Սյունիքում զինվորների քվեարկությունն էական փոխում է պատկերը: Եթե Սյունիքում զինվորական քվեարկություն չլիներ, պատկերն էապես ուրիշ կլիներ»,- շեշտել է  Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս