Եվրամիությունը պատրաստվում է լեգիտիմացնել հայաստանյան ընտրությունները․ ԵՄ ԱԳ 3 նախարարներ կայցելեն Երևան

ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Հայաստան կայցելեն ԵՄ անդամ երկրների միանգամից մի քանի նախարարներ։ 168am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հունիսի 25-ին նախատեսվում է ԵՄ անդամ 3 երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ այցը Երևան։ Մեր տեղեկությունների համաձայն, խոսքն Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներ Ալեքսանդր Շալենբերգի, Գաբրիելուս Լանդսբերգիսի և Բոգդան Աուրեսկուի մասին է։

«ԵՄ ԱԳ 3 նախարարները ՀՀ են ժամանելու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի անունից ուղերձ փոխանցելու նպատակով»,- հաղորդեց ՀՀ ԱԳՆ-ի մեր դիվանագիտական աղբյուրը։

Ավելին, մեզ փոխանցված տեղեկության համաձայն, այցը պլանավորվել է խիստ գաղտնիության պայմաններում, այդ մասին ՀՀ ԱԳՆ-ին հայտնի է դարձել ընդամենը հունիսի 21-ին, սակայն այցը նախապատրաստել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն անձամբ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի հետ միասին ավելի վաղ՝ մինչև ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները, իսկ ԱԳՆ-ին այցի մասին հաղորդվել է միայն ընտրությունների հաջորդող օրը։

Ուշագրավն այն է, որ այցը, որը պետք է կայանա հունիսի 25-ին, նախապատրաստվել է ընտրություններից առաջ։

Ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական շրջանակները գիտեին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններն ուղղորդելու է դեպի սեփական հաղթանակ, ուստի գալիս են՝ որպես Եվրոպայի կողմից լեգիտիմության ապացույց։

Սրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ եվրոպական դիտորդական առաքելություններն աչքերը փակեցին այն աղաղակող խախտումների վրա, որոնք տեղի ունեցան և՛ ընտրարշավի, և՛ ընտրությունների օրվա ընթացքում։ Այսինքն՝ եվրոպական քաղաքական շրջանակների համար ՀՀ-ում գործող իշխանության որևէ հակաօրինական գործողություն էական չէր․ ամեն բան որոշված էր նախապես։

Թե ինչ այլ ստվերային շերտեր ունի այցը, մնում է միայն կռահել։ Սակայն հարկ է շեշտել, որ այս այցը հակառուսական հստակ տարրեր է պարունակելու։ Դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով ԵՄ վերոնշյալ երեք ԱԳ նախարարների գործունեությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում ընդդեմ ՌԴ-ի։

 

Տեսանյութեր

Լրահոս