«Թշնամին ցնծության մեջ է․ Նիկոլ Փաշինյանը նրանց սրտի վարչապետն է». Ադրբեջանի հարցերով փորձագետ

Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, որտեղ շահագրգռված էին, որպեսզի իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ուզածով սահմանները գծելու, Հայաստանից պատառներ թողնելու, Արցախի հարցը վերջնական հօգուտ իրենց լուծելու  հեռահար նպատակով։

Այսօր արդեն Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ու թիմի վերընտրվելու համար ցնծության մեջ է։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով Ադրբեջանում տիրող տրամադրություններին՝ նկատեց. «Թշնամին ցնծության մեջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրանց սրտի վարչապետն է»։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ի՞նչ է սպասվում Սյունիքին ու Արցախին՝ հարցին Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերը Իլհամ Ալիևն է, իսկ ավելի կոնկրետ՝ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը։

«Հիմա արդեն Փաշինյանը պաշտոնապես լեգիտիմ հիմունքներով չոքելու է նրանց դեմ և անի այն, ինչ հրահանգել են։ Ավելին՝ նա կարող է այլևս որևէ մեկին ոչինչ չհարցնել՝ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ դատարանին, թքելով Հայաստանի տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, Սահմանադրության վրա, որովհետև նրա մեջքին կանգնած են մոլորակի ամեառեպրեսիվ ռեժիմների առաջնորդները»,- հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետը վստահ է, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, որևէ մեկը նրա ձեռքը չի բռնի, ոտքի կկանգնեն միայն 30-40 տոկոսը, որոնք նոյեմբերի 10-ին Երևանի փողոցում էին, Սյունիքում «սյունյաց ողջույն»-ներ էին ուղղում Նիկոլին և նրա դավաճան կեցվածքին։

«Նրանք ի վիճակի չեն դիմադրել համատարած տգիտության, մթության, անպատասխանատվության դեմ, որովհետև տգիտությունը հիմա մեր երկրում հսկայական ուժ է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու, հայ ժողովուրդը երեկ գիշեր ստորագրեց իր մահապատժի դատավճիռը»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, առաջատարը ՔՊ-ն է, այնուհետև՝ «Հայաստան» դաշինքը։

Տեսանյութեր

Լրահոս