Արդյո՞ք միաժամանակ մի քանի մարզերում երեկվա հոսանքազրկումները պատահականություն էին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում ներկայացրեց, թե ինչ կլինի, եթե նոր խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերը, օրինակ, հրաժարվեն իրենց մանդատներից: Մուկուչյանն այս հարցին անդրադարձավ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այս փուլում մանդատների հրաժարման ինստիտուտ, որպես այդպիսին, ամրագրված չունենք: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով»,-ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող: Հարցին՝ եթե համամասնական ցուցակի բոլոր անդամները հրաժարվեն, ի՞նչ կլինի՝ Մուկուչյանն ասաց՝ կնշանակի, որ ոչ ոք մանդատ չի ստանա, խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան: Հարցին, թե արդյոք օրենքի բաց կա՞ այստեղ՝ նա դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ խնդիրն առանձին վերցրած չեն ուսումնասիրել: Նա դժվարացավ հստակ վերջնական պատասխան ներկայացնել, թե արդյոք այդ դեպքում կարող են լինել նոր ընտրություններ:
Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավարտվում են արդյունքների ամփոփմամբ, ընտրության արդյունքների վերաբերյալ որոշման ընդունմամբ և մանդատների տրամադրմամբ:
Անդրադառնալով ընտրությունների օրը հոսանքազրկման դեպքերին՝ Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնը կարճ ժամկետում վերականգնել: Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ տվել են պարզաբանումներ, որ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չեն եղել: «Կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման պարագայում շարունակել աշխատանքը, քվեարկության ընթացքը նկատի ունեմ: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց հոսանքը վերականգնելու պարագայում դրանք անմիջապես վերականգնվում էին»,-ասաց նա:
Հարցին, թե ինքն այդ հոսանքազրկումներն արդյոք պատահականությո՞ւն է համարում՝ Մուկուչյանն ասաց, որ նման դատողություն անելու համար պետք է ունենալ լուրջ հիմքեր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը: