ԱՄՆ-ը երկխոսության վերսկսման շուրջը ԿԺԴՀ-ի արագ պատասխանի հույս ունի
ԱՄՆ-ը հույս ունի, որ ԿԺԴՀ-ն շուտով կպատասխանի երկխոսությունը վերսկսելու՝ Վաշինգտոնի առաջարկությանը: Այդ մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը՝ հունիսի 21-ին Սեուլում Կորեական թերակզու խաղաղության եւ անվտանգության հարցերով Հարավային Կորեայի կառավարության հատոկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկի հետ կայացած հանդիպման ընթացքում:
Վկայակոչելով ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ունի վերջերս արած հայտարարությանն այն մասին, թե Փհենյանը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ի հետ ինչպես երկխոսությանն, այնպես էլ առճակատմանը, Սոն Կիմը նշել է, որ Վաշինգտոնում պատրաստ են երկու սցենարներին էլ:
«Մենք պատրաստ կլինենք թե՛ մեկին եւ թե՛ մյուսին, քանի որ մինչեւ հիմա Փհենյանից բանակցությունների շուրջը՝ մեր առաջարկության պատասխանի ենք սպասում: Հուսով ենք, որ նախագահ Կիմ Չեն Ունի կողմից երկխոսության հիշատակումն այն բանի նշանն է, որ մենք շուտով դրական պատասխան կստանանք»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը:
Սոն Կիմը հավաստել է Վաշինգտոնի կողմակցությունը դիվանագիտության միջոցով Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման գործին, ինչպես նաեւ հանդես է եկել միջկորեական երկխոսության, համագործակցության եւ մերձեցման զարգացման օգտին: Նո Գյու Դոկն, իր հերթին, նշել է, որ Սեուլը կշարունակի օժանդակել Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսմանը:
«Մեք ցանկանում ենք վերականգնել այն կառուցվածքը, որտեղ միջկորեական հարաբերությունները եւ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերությունները փոխշահավետ լրացնում են միմյանց»,- ասել է հարավկորեացի հատուկ ներկայացուցիչը: Սոն Կիմը հնգօրյա այցով Կորեայի Հանրապետություն է Ժամանել հունիսի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: