Մեր գյուղում քվեարկությանը մասնակցել են նաև զինվորները, այդ պատճառով էլ քվեարկության այս պատկերը ունեցանք. Աշխարհապետ

Այս պահին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են քվեաթերթիկների հաշվարկները, սակայն Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղում ընտրության արդյունքներն արդեն պարզ են՝ 51 քվե ստացել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը և 40 քվե « Հայաստան» դաշինքը:

ArmDaily.am-ի հետ զրույցում, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետն ասաց, որ իրականում քվեարկության նման արդյունքը պայմանավորված է զինծառայողների քվեարկությամբ: Նա նշեց, որ Շուռնուխում քվեարկության մասնակցել է մեկ զորամաս:

«Հենց իրենց քվեներն են այս պատկերը ստեղծել: Դե զինվորական էրեխեք են, ինչ ասել են՝ իրենք էլ արել են: Մենք իրենց չենք մեղադրում: Իսկ մեր գյուղում բոլորս էլ գիտենք, թե ով էր իր ձայնը տալու իշխանություններին՝ ընդամենը մի քանի հոգի՝ ոչ ավել»,-ասաց Աշխարհապետը:

Նա հավելեց, որ պատերազմից հետո նոր սահմանազատումների հետևանքով իրենցից մի քանի մետր կանգնած ադրբեջանցի զինվորականների առկայության պատճառով գյուղից հեռացած շուռնուխցիները չեն կարողացել մասնակցել քվեարկությանը: Աշխարհապետն ասաց, որ 167 ընտրող ունի գյուղը, սակայն մի մասը գյուղից հեռացել է, մի մասը արտագնա աշխատանքի է:

Աշխարհապետը ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրության նման մի բան էր՝ Սյունիքում բարձր ձայներ բերելն ու այդպիսով ապացուցել, որ Սյունիքում իրեն իրականում ընդունում են ու սիրում:

Տեսանյութեր

Լրահոս