Քասախ համայնքի ղեկավարը ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Այսօր Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանի հայրն է: Նա, որպես վկա, հարցաքննվել է մի հրապարակված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործը հարուցված է ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով:

Արա Մկրտչյանի շահերի պաշտպան Տիգրան Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ից դուրս են եկել 19:00-ի հատվածում:

«Իրականում պարզվեց՝ ոչնչում չեն մեղադրում, քանի որ հարցաքննությունը վկայի կարգավիճակում էր: Հրապարակված ձայնագրության վերաբերյալ ամբողջը պարզաբանել ենք: Ձայնագրությունը վերաբերում էր նախընտրական քարոզչությանը, սակայն պարոն Մկրտչյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց դրանում իր մասնակցությունը՝ նշելով, որ չի հիշում՝ եղե՞լ է նման խոսակցություն թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը:

Տիգրան Ղազարյանի խոսքով՝ քանի որ Քասախ համայնքի ղեկավարն իր ընտրական իրավունքը չէր իրացրել, 19:00-ին դուրս են եկել, որ վերջինս հասցնի մասնակցել քվեարկության:

«Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու են երեկ ու այսօր ոստիկանները եկել պարոն Մկրտչյանի տուն, որովհետև վկային նման կերպ չեն հրավիրում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հետևողական են լինելու՝ պարզելու համար նման վերաբերմունքի պատճառը:

Հարցաքննությունից հետո Արա Մկրտչյանի դատավարական կարգավիճակը չի փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս