«Ես մեր հաղթանակին չեմ կասկածում, կարծում եմ՝ մեր հույսերը կարդարանան, կունենանք այն Արցախը, որի մասին երազում եմ». Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, հանուն իր թոռների, հայ ժողովրդի ու հայ ազգի վաղվա օրվա։
Անդրադառնալով այն ահազանգերին, որ իշխանության ներկայացուցիչները զինվորներին ընտրատեղամասեր են տանում արդեն իսկ ուղղորդած, մասնավորապես՝ Տավուշի և Սյունիքի որոշ զորամասերից, Աշոտ Մինասյանն ասաց, որ այն ընտրատեղամասում, որտեղ ինքն է քվեարկել՝ զինվորականների չի հանդիպել։
«Այն մարդիկ, որոնք ուղղորդում են զինվորներին, ովքեր կամակատարներ են, բնականաբար, իրենք պետության կործանման համար են մտածում, նրանք խամաճիկների ջրաղացին ջուր են լցնում»,- նշեց Աշոտ Մինասյանը։
Նա հույս հայտնեց, որ ընտրություններից հետո կապրի իր երազած Հայաստանում։
«Ես մեր հաղթանակին չեմ կասկածում, կարծում եմ՝ մեր հույսերը կարդարանան, կունենանք այն Արցախը, որի մասին երազում եմ և որի համար կյանքս եմ ուղղակի տվել ու պատրաստ եմ նորից տալ։ Կունենանք Արցախ, Սյունիք Հայաստան ամբողջական, կունենաք այն երկիրը, որի մասին երազել եմ, կունենաք վստահաբար»,- եզրափակեց Աշոտ Մինասյանը։