«Քվեարկել եմ հանուն նրա, որպեսզի կարողանանք հանգիստ քնել, հանգիստ արթանալ՝ սահմանամերձ գյուղ ենք, ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի». Շիկահողի գյուղապետ
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի գյուղապետ Նարե Ղազարյանը վստահեցնում է, որ գյուղում՝ իրենց ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, մինչև այս պահը որևէ ընտրախախտում չի գրանցվել։
«Թիվը չեմ շեշտի, բայց մեզ մոտ մեծ թվով զինվորականներ են եկել ու քվեարկել, սակայն ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից նրանց ուղղորդում չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ որևէ խնդիր չի առաջացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարե Ղազարյանը։
Հարցին՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը հիմնականում գալիս են Սյունիքի մարզից, սա ինչո՞վ է պայմանավորված, Նարե Ղազարյանը պատասխանեց, որ Սյունիքի մարզն է ամենաշատը շոշափվել հետպատերազմյան շրջանում, երկուստեք սպասելիքները մարզից շատ են, այդ պատճառով էլ բոլորի ուշադրությունը հիմնականում ուղղված է մարզի վրա։
«Երկու կողմն էլ սպասում են, որ որևէ խախտում գրանցվի, և դրա մասին բարձրաձայնեն, ահազանգեն։ Սպասելիքները Սյունիքի մարզի հետ կապված շատ են ոչ միայն տոկոսային առումով, այլև սյունեցու կամքը, կարծիքը երևալու է այս ընտրություններից հետո, այդ պատճառով էլ մեր մարզն ամեն առումով թիրախավորվել է»,- նշեց Նարե Ղազարյանը։
Նա նաև հավելեց, որ ընտրություններին քվեարկել է հանուն լավ ապագայի, հանուն Հայաստանի։
«Քվեարկել եմ հանուն նրա, որպեսզի մենք կարողանանք հանգիստ քնել, հանգիստ արթանալ, սահմանամերձ գյուղ ենք, ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի։ Մենք հույս ունենք, որ ընտրություններից հետո բոլորը կհանգստանան, բոլորս կլծվենք միայն մեկ գործի՝ Հայաստանի ծաղկմանն ու հզորացմանը։ Ինքս դեմ էի այս ընտրությանը, քանի որ այս պահին դրա ժամանակը չունեին, ավելին՝ մենք վերջին ամիսներին չպետք է զբաղված լինեինք ընտրություններով, այլ պետք է լծվեինք երկիրն այս վիճակից դուրս բերելուն, բայց քանի որ իրար չէինք հասկանում, ճիշտը ընտրություններն է։ Հուսանք, ընտրություններից հետո ամեն մեկը կանցնի իր գործին, Աստծո կամոք, որը բարին է, դա էլ թող լինի մեր երկրի համար»,- եզրափակեց Նարե Ղազարյանը։
Հիշեցնենք՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Թվով 500 ընտրողներ քվեարկությանը մասնակցել են էլեկտրոնային քվեարկության եղանակով հունիսի 11-13-ին: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր քվեարկության ավարտից հետո: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին մասնակցող 5 քաղաքական ուժերի ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են ամենամեծ 4 ազգային փոքրամասնությունների թվով 14 թեկնածուներ: 2008 ընտրական տեղամաս է կազմավորվել: Դրանցից 12-ը կազմավորվել են ՔԿՀ-ներում: Նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-ը քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: Բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովների 16064 անդամներից չեն ներկայացել 119-ը՝ 114 տեղամասերում»,- հայտարարեց Մուկուչյանը:
Նա ընդգծեց, որ Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ: