ՄԻՊ-ը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրել է 570 հրապարակում

ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 15։00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ ու դիմում, ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների 570 հրապարակում։ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը, ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու խնդրին, քվեարկության կարգի խախտմանը և այլն։

Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներով ավելի հաճախ արձանագրված խնդիրների թվում են քվեաթերթիկի տրամադրման կարգի խախտումները, քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների, ուղղորդված քվեարկության դեպքերը, քվեաթերթիկների սահմանված ձևի խախտումները և այլն։

Ահազանգերով և մշտադիտարկման արդյունքների հիման վրա պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մի քանի արագ արձագանքում, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր: Մասնավորապես, տարբեր հարցերի վերաբերյալ քննարկումներ են իրականացվել և պարզաբանումներ ստացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Պաշտպանության նախարարությունից, Նորքի տուն-ինտերնատից: Իրականացվել են այցեր Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ արագ արձագանքման այցեր Ոստիկանության մարզային ստորաբաժանումներ: Ըստ անհրաժեշտության կապ է հաստատվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքների ապահովման հարցերին:

Պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը վաղ առավոտից իրականացնում է ընտրական գործընթացի անկախ դիտարկում է ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզային ստորաբաժանումներում:

Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվել Սյունիքի մարզ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության՝ արագ արձագանքելու նպատակով: Օրվա ընթացքում՝ զուգահեռաբար, ամփոփվում են ահազանգերով ու հրապարակումների հիման վրա ձեռնարկած քայլերը, ստուգողական աշխատանքները:

Նրանց հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 043-513-116 հեռախոսահամարով։ Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Տեսանյութեր

Լրահոս